Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անցնելով մի առարկայից մյուսը, կանանց իրավունքներից թատրոն, թատրոնից — ճանապարհորդություն։ Մի քանի անգամ ակնարկեց, թե եղել է արտասահմանում ամուսնու հետ, աչքով տեսել է, թե որքան այնտեղ կանայք ազատ են։

— Ես հանդիպեցի մի վենգրուհու, որի ամուսինը Իտալիայումն էր ճանապարհորդում, իսկ ինքը գնում էր Շվեյցարիա: Ա՜խ, պարոն Բարաթյան,— գոչեց տիկինը հանկարծ խոսքը փոխելով,— դուք պարոն Դիմաքսյանին հայտնե՞լ եք մեր ժողովի մասին։ Չե՞ք հայտնել ա՛յ ա՛յ ա՛յ, ինչպե՜ս կարելի է։

Նա պատմեց, թե մի խումբ կանայք վճռել են կանանց բարեգործական ընկերություն կազմել և թե վաղուց է ինքն այս միտքը քարոզում էր, և, վերջապես, հաջողեցրեց։

— Գայանեն էլ էր աշխատում, — ավելացրեց նա վեհանձնաբար, — կարելի է ասել, որ ինիցիատորները հենց մենք ենք, այնպես չէ՞, Գայանե։

Օրիորդը համեստությամբ պատասխանեց, թե ինքը իրան ինիցիատոր չէ համարում։ Տիկինը հակառակեց, և վերջը պարզվեց, որ ընկերություն հիմնելու միտքը առաջին անգամ հայտնել է Բարաթյանը։ Այս նորոթյունը Դիմաքսյանի սրտում զարթեցթեց մի տեսակ անախորժ զգացում։ Ինչպե՞ս, նա, որ այնքան պաշտպանել է և պաշտպանում է կանանց խնդիրը, հանկարծ հեռու է մի գործից, որ կանանց ինքնուրույնության առաջին քայլն է որոշում։ Ահա ինչ ասել է հասարակությունից հեռու ապրել։

Նրա հուզմունքը ավելի սաստկացավ, երբ տիկինը ասաց, թե ապագա ընկերության կանոնադրությունը կազմող մասնաժողովի անդամ է ընտրված և՛ Բարաթյանը։ Նա հայտնեց յուր ուրախությունը, որ հայ կնոջ մեջ, վերջապես, ինքնաճանաչության հոգի է զարթնում։ Բայց, չկարողանալով զսպել իրան, ավելացրեց, թե չէ հավանում, որ կանայք իրանց հենց աոաջին հասարակական գործի մեջ տղամարդկանց էլ խառնում են։ Ավելի լավ է բոլորովին անկախ գործել։ Պետք է հենց սկզբից սովորել ինքնուրույն