Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոշոր քայլեր անել։ Կարծես, նա մի խորին դրամատիկական դեր է փորձում, որ պետք է կատարեր։ Ստեպ-ստեպ աչքի տակով սուր դիտում էր ծառային։ Իսկ ծառան կանգնած էր, կոշտ ու սևացած ձեռները փորի վրա դրած։ Դիմաքսյանը անցնում էր նրա մոտով։ Եվ նկատելի էր, որ ամեն անգամ անցնելիս ավելի ու ավելի մոտենում է ծառային, ինչպես մի խորամանկ կատու յուր որսին:

Գիշերվա լռության մեջ, կանթեղի աղոտ լույսով, այդ երկու տարօրինակ կերպարանքների հարևանությունը մի խորհրդավոր տեսարան էր ներկայացնում։ Մեկը անշարժ կանգնած էր սենյակի մեջտեղում, մյուսը պտտում էր նրա շուրջը։

Երբեմն Դիմաքսյանը այնքան մոտենում էր Սիրականին, որ քիչ էր մնում նրանց ուսերը միմյանց զարկվեին։ Այժմ ծառան մարմնացած ապշություն էր ներկայացնում։ Նրա հայացքը հետևում էր Դիմաքսյանին։ Կարծես, մի մագնիսական ուժ բևեռել էր նրա ոտները հատակին։ Նա ոչ խոսում էր, ոչ շարժվում և ոչ էլ, կարծես, ուզում էր շունչ քաշել։ Միայն նրա թավամազ երեսը պտտում էր աջ ու ձախ, ինչպես ծխնելույզի թիթեղյա հողմավար։

Հանկարծ Դիմաքսյանը մի վայրկենաչափ կանգ առավ ծառայի կողքին։ Նա ուսը մոտեցրեց Սիրականի ուսին. նայեց նրա աչքերին, ճակատին, կրծքին։ Հետո մի ճարպիկ շարժվածքով հեռացավ նրանից մի քանի քայլ և թույլ ձայնով արտասանեց.

— Ի՞նչ կարճ ես, Սիրական։

Եվ բարձրաձայն ծիծաղեց։ Դա մի անսովոր ծիծաղ էր, մի ծիծաղ, որի մեջ չէր զգացվում ո՛չ ծաղր, ո՛չ դառնություն և ո՛չ զվարճություն, այլ ավելի բարկություն։ Դարձյալ խորին տրտմության քողը ծածկեց նրա երեսը։ Նա թուլացած նստեց անկողնակալի վրա, գլուխը թեքեց կրծքին և նշան արեց ծառային, որ դուրս գնա։ Հետո նա նստեց պարապվելու։ Սեղանի վրա ցրված էին զանազան գրքեր, լրագիրներ, ամսագիրներ, ձեռագիրներ, թղթի բազմաթիվ մանր կտորներ, որոնց վրա գրված էին թվանշաններ։

Այս բոլորը նա պատրաստել էր մի ընդարձակ հասարակական