Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դասախոսության համար, որ պետք է կարդար մի ամսից հետո։ Ընկերներին հայտնի չէր նրա այս մտադրությունը, ինքն էլ առայժմ գաղտնի էր պահում։ Քառորդ ժամ անցած պարապմունքը նորից նրան մոռացնել տվեց ամեն ինչ, և նա եռանդով և ոգևորված գրում էր։

Նույն պահին Բարաթյանը յուր սենյակում զբաղված էր այլ մտքերով։ Բաժանվելով Դիմաքսյանից, նա ոչ մի տեղ չուզեց գնալ, վերադարձավ տուն։ Նա մտքում անիծում էր ընկերոջը, որ այնպես շուտ դուրս եկավ Բախտամյանների տնից։ Նա վաղուց համակրում էր օրիորդ Գայանեին։ Թատրոնում և հասարակական այլ և այլ տեղերում ամենից ավելի այդ օրիորդն էր, որ գրավում էր նրան և որին միշտ հետամուտ էր լինում։ Ուստի շատերը կարծում էին, թե նրանք արդեն հարսնացու և փեսացու են։ Այնինչ Բարաթյանը դեռ շատ զգույշ էր վարվում, որպեսզի այս կարծիքը հաստատ հիմք ունենար։ Սկզբունքով նա վճռել էր ամուսնանալ, բայց ոչ շատ էլ շուտ։ Շո՛ւտ, ոչ այն պատճառով, որ քսան ու վեց տարեկան հասակը ամուսնական կյանքի համար բավարար չէր համարում, այլ որովհետև նրա հասարակական դիրքը դեռ որոշ չէր։ Կրակից ապահովող ընկերության գործակալի պաշտոնը նրա աչքում մի չնչին բան էր։ Նա փափագում էր ավելի առաջ գնալ։ Բայց թե ինչպե՞ս — այս էր գլխավոր հարցը։ Արքունական ծառայության մեջ մտնել նա չէր ուզում։ Նա բժիշկ չէր, ինժեներ չէր, իրավաբան չէր, որ յուր որոշ շավիղը ունենար։ Եվրոպական համալսարանի դիպլոմը շատ-շատ կարող էր նրա համար մի որևէ հայ դպրոցում տեսչի կամ ուսուցչի տեղ պատրաստել։ Բայց նրա քիմքը շատ և շատ բարձր էր այս տեսակ համեստ պաշտոններից։ Այլ բան էր, եթե նա կարողանար մի հասարակական պաշտոն ստանալ մի որևէ հիմնարկության մեջ, թեկուզ քաղաքային վարչությունում, թեկուզ մի բանկում կամ մի ուրիշ տեղ։

Բայց հասարակական ընտրելին լինելու համար պետք էին մեծ կապեր։ Եվ ահա այդ կապերից մեկը և ամենագլխավորը, ամենազորավորը կարող էր լինել Պյոտր Սոլոմոնիչ Բախտամյանը։ Ո՞վ չէր ճանաչում քաղաքի այդ