չհակառակես, ես մարդկանց քեզանից շատ և շատ լավ եմ ճանաչում, իզուր չեմ երկու-երեք տարով քեզանից մեծ։ Այո, պարոն Բարաթյան, կարող եմ ասել ձեր ընկերը դժբախտ մարդ է։
— Ինչո՞վ է դժբախտ։
— Իբրև թե չգիտեք, չե՞ք տեսնում նրա կերպարանքը...ֆի՛...
Բարաթյանը վեհանձնաբար նկատեց, թե տղամարդի համար արտաքինը ոչինչ նշանակություն չունե։ Նրա գեղեցկությունը խելքն է ու սիրտը։ Օրիորդ Գայանեին շատ դուր եկավ այս նկատողությունը։ Նա գաղտուկ դիտեց Բարաթյանին և մտքում ասաց.
«Դու համ գեղեցիկ ես, համ էլ խելոք»։
Նույն օրը երեկոյան Դիմաքսյանի մոտ դարձյալ ընկերական ժողով էր։ Բարաթյանը, որ ամենից առաջ էր եկել, խոսք բաց արեց նրա հետ Բախտամյանների մասին և հաղորդեց, թե Դիմաքսյանը օրիորդի և տիկնոջ վրա շատ լավ տպավորություն է գործել։ Դիտավորությամբ ասած այս սուտը գրավեց Դիմաքսյանին, և նույն վայրկյանին նրա սրտում չքացավ այն թեթև ատելությունը, որ դեռ մնում էր այնտեղ Բարաթյանի վերաբերմամբ։
VI
Դիմաքսյանը զբաղված էր յուր դասախոսությունով։ Նա մոռացել էր ուսումնարանական հոգսերը, ուսուցչական նիստերը։ Նույնիսկ ընկերական ժողովները: Երբ փաստերը կազմակերպեց, բանախոսության գաղափարը ծրագրեց, մի օր հայտնեց ընկերներին յուր մտադրությունը։
— Ի՞նչ է դասախոսությանդ բովանդակությունը, — հարցրեց Բարաթյանը։
— Մեր երկրի տնտեսական դրությունը։
— Հիանալի միտք,— գոչեց ամենից շուտ ոգևորվող Մսերյանը։
Նույն հավանությունը տվեց և բժիշկ Սալամբեկյանը: