Նա նայեց աջ ու ձախ, կարծես, վախենում էր, որ մի գուցե մեկը լսե այդ գաղտնիմաստ խոսքերը։
Հետևյալ օրը նա բաց թողեց, երրորդ օրը ցերեկով դարձյալ գնաց Բախտամյանների մոտ։ Բարեբախտաբար, այս անգամ Պյոտր Սոլոմոնիչը տանը չէր։ Տիկինը նրան ընդունեց սովորական ուրախությամբ և անմիջապես խոսք բաց արեց Դիմաքսյանի մասին։ Նա բոլորովին չէր հավանել Բարաթյանի ընկերոջը։
— Դեմքի համար չեմ ասում, տերը նրա հետ, վարմունքը շատ վատ է։
— Այո՛, Դիմաքսյանը տաղտկալի է. նա ընկերական շրջանի մարդ չէ։ Շարունակ վիճում է և հակառակում: Տղամարդը պետք է հարգանքով վերաբերվի կանանց բոլոր ասածներին:
— Ինչո՞ւ բոլոր ասածներին, — ընդհատեց օրիորդ Գայանեն, — միթե այդ պարտավորակա՞ն է։
— Պարտավորական չէ, սիրելիս, բայց քաղաքավարությունը պահանջում է։
— Քաղաքավարությունը պահանջում է միշտ կանանց շողոքորթե՞լ։ Ընդհակառակը, իմ կարծիքով, տղամարդը միշտ պարտավոր է ուղղել մեր սխալը. այսինքն մեզ հետ անկեղծ լինել։
Երկու կանանց մտքերը հաշտեցնելու համար Բարաթյանը մեղմ և համոզիչ ձայնով նկատեց.
— Այո՛, օրիորդ, ձեր ասածը բոլորովին ճշմարիտ է. Բայց տիկինը դրա դեմ չէ։ Տիկինը բարեհաճում է ասել, թե տղամարդը կարող է կնոջ սխալը ուղղել, մինչև անգամ սովորեցնել նրան, բայց հասարակ կերպով և ոչ թե վարժապետական ձևով խրատել։ Խրատելը առհասարակ, ը՜ը՜ը՜, առհասարակ վայելուչ բան չէ։
— Ախ, պարոն Բարաթյան, — գոչեց տիկինը հիացած,— ի՜նչ լավ գուշակում եք իմ միտքը, երանի ամեն մարդ ձեզ պես շուտ հասկանար ինձ։ Բայց գիտեք, ձեր Դիմաքսյանը շատ պակասություններ ունի, ես կարծում եմ, որ այդ փոքրիկ մարդու մեջ մի շատ գոռոզ սիրտ է նստած։ Նա պետք է շատ նախանձոտ լինի։ Գայանե, խնդրեմ,