Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դիմաքսյանը հիանալի մարդ է, նա իմ շատ լավ բարեկամն է։

— Լավ բարեկամ ես գտել, տե՛ս ուրիշները ձեռքիցդ չխլեն, հա՛ հա՛ հա՛։

— Ասում եմ, հիանալի երիտասարդ է, դու էլ ասա «հա՛»։ Այնպես չէ , Գայանե, բարի, խելոք, իմաստուն երիտասարդ է։

Գայանեն ոչինչ չպատասխանեց և ոչ մի նշանով չարտահայտեց յուր համակրությունը կամ հակակրությունը։ Պյոտր Սոլոմոնիչը շարունակեց։

— Իմ աչքում նա ամենաքիչը մի դյուժին Բարաթովներ արժե, ուղիղ մի դյուժին։ Նրա մի ծուռ քիթը չեմ փոխիլ տասը սիրուն ֆրանտների հետ, բա՛ս, չեմ փոխիլ քո այդ... լպստած Բարաթովների հետ։

Եվ բարկացած անցավ յուր սենյակը։

— Խելագարվել է այսօր, ի՛նչ է, — գոչեց տիկին Բախտամյանը, — ինչո՞ւ է այդպես կատաղել Իսակ Գասպարիչի դեմ։ Կարծեմ, ամենքն էլ գիտեն, թե ինչու համար եմ այդ երիտասարդին ընդունում։ Գայանե, խոմ, դու գիտես, ինչո՞ւ չես պաշտպանում, ես քո պատճառով եմ այս նախատինքը ստանում ամեն օր։

Օրիորդը մի վայրկյան գլուխը թեքեց կրծքին և ոչինչ չպատասխանեց։ Մի ինչ֊որ մութ, անորոշ կասկած շփոթեցրեց նրան։ Նա չէր ուզում տիկնոջ երեսին նայել։ Այնինչ տիկինը միայն կանանց հատուկ նուրբ բնազդով զգաց նրա շփոթության հիմնական պատճառը։ Դա միայն օրիորդի համակրությունը չէր Բարաթյանին, այլ կար մի ուրիշ, ավելի լուրջ հիմունք։ Ինչո՞ւ Պյոտր Սոլոմոնիչր այնքան պարզ նախանձում է Բարաթյանին, մտածում էր օրիորդը։ Միթե իզո՞ւր, հենց այնպե՞ս։ Ոչ, ոչ, այդ անկարելի է։ Պյոտր Սոլոմոնիչր թեթևամիտ, անտակտ մարդ չէ։ Անկասկած նրա ամուսնական սուր աչքերը հեռվում, գուցե շատ հեռվում մի կասկածելի մութ գիծ են նշմարում։ Վերջապես, ինչո՞ւ Գայանեի սիրտը երբեմն ակամա, հակառակ խելքին, հակառակ Բարաթյանի մասին կազմած նպաստավոր