կարծիքին, ենթարկվում է մի վատ, մի գարշելի, մի դիվային կասկածի։
Նա գլուխը բարձրացրեց։ Տիկինը, բութ մատը ատամներով կծած նայում էր հատակին։
— Ա՜խ, գոչեց նա հանկարծ, խույս տալով Գայանեի հայացքից, — երեխաները քնեցին առանց ինձ համբուրելու։
Նա արագ քայլերով անցավ կից սենյակը, ուր ննջում էին նրա մի զույգ զավակները։
Գայանեն նայեց նրա հետևից, և մի դառն ժպիտ երևաց նրա սիրուն շրթունքների վրա։
Այդ գիշեր մի ծանր, մի դաժան միտք երկար ժամանակ նրան հանգստություն չէր տալիս։
VII
Վերջին ժամանակ Դիմաքսյանը տանը շատ քիչ էր զբաղվում։ Հակառակ սովորականին, ամեն երեկո նա դուրս էր գալիս Մսերյանի հետ զբոսնելու և այնքան երկար ժամանակ, մինչև որ հոգնում էր։ Նա անհանգիստ էր, տխուր, քիչ էր խոսում և առհասարակ շատ զարմացնում էր Մսերյանին։
Մի օր երկու ընկերները գնացին Վեքիլյանի մոտ, ուր նրանք դեռ չէին եղել: Թեև իրավաբանը յուր ծնողների հետ էր ապրում, բայց նրա բնակարանը բոլորովին առանձին էր, բաղկացած երկու մաքուր և սիրուն կահավորված սենյակներից։
Այստեղ ամեն բան յուր տեղն էր, և՛ փափուկ շքեղ անկողինը, և՜ թավշյա բազկաթոռները, և՛ օրորվելու աթոռը, և՜ կարմիր մահուդով ծածկած գրասեղանը յուր բոլոր պարագաներով, և՜ տուալետի սեղանը հոտավետ յուղերով, բազմաթիվ խոզանակներով և այլն, և այլն։ Ամեն տեղ երևում էր մաքրասեր, ճշտասեր, զգույշ և ֆրանտ Վեքիլյանի ստվերը։ Նույնիսկ սենյակների ձևը, հիշեցնում էր կենողին։
Իրավաբանը յուր ընկերներին ընդունեց անսահման քաղաքավարությունով, հյուրասիրեց քաղցրահամ խմիչքներով և անուշահոտ սիգարով։ Նրան առաջարկել էին