Վեքիլյանը ապահով նստած մի երկար ձողի գլխին, այնտեղից էլ կժպտա։
Իրիկնադեմ էր, եղանակը ցուրտ։ Փողոցների սառած ցեխը սևացել էր և կպել գետնին ամուր քարի պես։ Դանդաղ ձյունի աստղաձև հատիկները քիչ-քիչ ծածկում էին երկիրը բարակ սպիտակ շղարշով։ Օդը անշարժ էր, քամու նշույլ անգամ չկար։ Քաղաքացիների զբոսանքի սովորական ժամանակն էր։ Գոլովինսկի պրոսպեկտի վրա անցուդարձ էր անում բավական մեծ բազմություն, զվարճանալով ձմեռային այն սառն և դուրեկան եղանակով, որ հազիվ է պատահում Թիֆլիզում փետրվարի սկզբին։
Երկու ընկերները մտան ամբոխի շարքը։
Մսերյանը տաքացած պարսավում էր մի ինչ-որ հիմնարկություն, ուր նա կամեցել էր պաշտոն ստանալ, կառավարիչը նրանից վկայական էր պահանջել։ Դիմաքսյանր հանգստացրեց նրան, ասելով, թե չարժե վրդովվել, եթե փողի կարոտություն ունե, կարող է նրանից ստանալ։
— Որ սպանես՝ չեմ վերցնիլ, — հրաժարվեց Մսերյանը, — փողի պարտքը բարոյական ծանրություն է ինձ համար։ Փառք աստուծո, դեռ շատ էլ քաղցած չեմ, երկու դաս ունեմ։
Նրանք քայլում էին արագ-արագ։ Դիմաքսյանր հազիվ կարողանում էր հետևել Մսերյանի լայն քայլերին։ Հանկարծ նա սայթաքեց և անշուշտ կընկներ, եթե ուղեկիցը յուր ուժեղ ձեռքով չբռներ նրա թևից։ Նա բարձրաձայն ծիծաղեց ինքն յուր վրա, ոչ այնպես, ինչպես ակամա ծիծաղում են սառույցի վրա սայթաքողները։ Դա մի արվեստական ծիծաղ էր, որով նա քողարկում էր յուր փոքրիկ մարմնի թերությունից առաջացած՝ բնական վրդովմունքը։
Հազիվ նա գլուխը բարձրացրեց, և մի ուրիշ դեպք ավելի վրդովեցվեց նրան։ Դեմուդեմ գալիս էր Բարաթյանը, ուրախ, զվարթ, գեղեցիկ, առողջ Բարաթյանը — Գայանեի հետ։ Ցուրտը օրիորդի դեմքին տվել էր մի անբնական կարմրություն։ Նրա կապույտ աչքերի մեջ վառվում էր կենսականության հուրը յուր բոլոր ուժերով։ Գեղեցիկ փետուրով զարդարված գլխարկի տակից երևում էին գանգուր մազերի