Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գավառում քննիչի պաշտոն, չէր ընդունել։ Նա կամենում էր անպատճառ Թիֆլիզում մնալ։ Երեք ամիս էր նա սկսել էր պարապվել փաստաբանությունով «երդվյալ հավատարմատարի օգնականի» կոչումը ընդունած։

Նա պատմեց մի քանի դատաստանական արկածներ, միշտ աշխատելով յուր արհեստի վսեմությունը պաշտպանել։ Փաստաբանությունը, իրավ է, շատերի համար հարստահարության աղբյուր է, ասում էր նա, բայց ոչ «բարոյական սկզբունքի տեր և բարեխիղճ» մարդու համար։ Ասպարեզը ընդարձակ է, մարդկությանը ծառայել կարելի է։ Որքան անմեղներ կան պաշտպանության կարոտ, քանի-քանի կյանք կարելի է կարոտից փրկել։ Միևնույն ժամանակ, այստեղ ավելի հնարավոր է «ազգի համար օգտակար» լինել, քան մի ուրիշ տեղ։

Արդեն ամեն օր գավառներից հայեր են գալիս նրա մոտ։ Նա վճռել է առաջ նրանց պաշտպանել, հետո ուրիշներին։ Բացի դրանից, սկզբունք է դրել հայերից երեսուն տոկոս պակաս վերցնել հոնորարը և մինչև կյանքի վերջը պետք է այդպես անի։ Մի հարուստ վաճառական հինգ-տասը հազար տալիս է ազգին և յուր անունը անմահացնում։ Իսկ նա քիչ-քիչ քսան տարի փաստաբանություն կանի, և նրա երեսուն տոկոս զիջողությունը մի քանի տասնյակ հազարներ կկազմի։

— Կարծեմ, հայ ազգը, դժգոհ չպիտի լինի մեզանից։

Նա խոսում էր լուրջ եղանակով, հանդարտ, ամեն բառը առանձին շեշտելով, ինչպես տարիքը լրացրած մի փորձված դիպլոմատ։ Ժպիտը չէր հեռանում նրա երեսից, աչքերի բիբերը անընդհատ խաղում էին, ինչպես մի զույգ լուսավոր ջահեր, որ առաջնորդում էին նրան դեպի անդորր, ապահով և անվրդով կյանք։

Դուրս գալով նրա մոտից, Մսերյանը հայտնեց Դիմաքսյանին յուր վրդովմունքը: Նա ասաց, թե կարծես, մի բան օրեցօր անջատում է նրան իրավաբանից և թե դիմանալ չի կարող այդ մարդու հղկած մարմարիոնի պաղությանը։

— Ես կարծում եմ, եթե աշխարհում ջրհեղեղ լինի,