— Ուրեմն դուք հերքո՞ւմ եք ազգային գոյության առաջին հիմքը — հողը և լեզուն։
Դիմաքսյանը և Մսերյանը ակամա հետաքրքրվեցին այս վիճաբանությունով և լուռ լսում էին։
Տարիքավոր պարոնը բարկացած ընդհատեց յուր սեղանակիցների խոսքը և վեր կացավ։
— Այդպես եք, այ, — գոչեց երիտասարդներից մեկը. — միշտ փախչում եք վիճաբանությունից։ Իզուր չի ասում Դիմաքսյանը, թե հետադեմները գիտեն միայն պատի հետևից կռվել։
— Ի՞նչ Դիմաքսյան։
— Նա՛, որ հնապաշտների անմիտ կուռքերը ջարդուփշուր է անում։
Տարիքավոր պարոնը ուսերը թոթվեց և դուրս եկավ։ Մյուսները նույն վայրկյանին նկատեցին Դիմաքսյանին և միաժամանակ շփոթվելով կամացուկ դուրս գնացին։
Դիմաքսյանի սիրտը լցվեց անսահման ինքնագոհությամբ։ Այդպես, ուրեմն, արդեն նրա մասին խոսում են, նրա խոսքերը ապացույց են բերում, նրա առաջ խոնարհվում են։ Ահա խելքի ուժը։ Եվ ո՞վ կարող է այսուհետև ասել, թե նա կոչված չէ հասարակական մտքի առաջնորդ դառնալու։ Դարձյալ նա բարձրացավ յուր աչքում, մոռացավ մի քանի րոպե առաջ կրած անախորժ զգացումները: Նա զգաց յուր մեջ մի այնպիսի բարոյական ուժ և ոգևորություն, որ մինչև այդ ժամանակ չէր զգացել։
— Լսեցի՞ր, — ընդհատեց նրա մտքերը Մսերյանը, — կնշանակե խոսքդ արդեն սկսել է ազդել, շատ ուրախալի է այդ։
Դիմաքսյանը պատրաստ էր գրկել և համբուրել ընկերոջը, այդ բարեսիրտ, աննախանձ և սիրելի Մսերյանին։
Նա շտապեց դուրս գալ կաթնատնից։ Այժմ նա զգում էր աշխատելու անզսպելի պահանջ։ Ո՛չ, չպիտի մտածել ուրիշ ոչ մի բանի մասին, պետք է գործել, օգուտ բերել և անուն վաստակել։ Խելքի ուժով ոտնատակ անել մարդկանց ծաղրը, արհամարհանքը։ Թող անուշադիր թողնեն նրան գեղեցկադեմ կանայք, կգա ժամանակ, ամենքը կխոնարհվեն