և երկրպագություն կտան նրա հանճարին։ Երբե՛ք նա չի ընկնիլ աշխարհի հաճույքների հետևից։
Երբեք իր թանկագին օրերը չի վատնիլ անմիտ կենցաղավարությամբ։ Սիրել մեկին, ինչո՞ւ, քանի որ կարելի է սիրել ամբողջ մարդկությունը։ Սիրե՞լ արդյոք, ո՜չ, ատել և ատելով հանդերձ գործել ամենքի համար։
Այսպես էր մտածում նա դրսում, իսկ երբ տուն հասավ, կրկին պատկերացավ նրա առջև զվարթ, ուրախ, գեղեցկադեմ Բարաթյանը։ Այո՛, նա կյանքի մեջ հաջողություն կունենա, նրան կշրջապատեն սիրուն կանայք, նա կփայլի հարուստ սալոններում, նրա հետևից գգվանքով կընկնեն մայրերը։ Իսկ ինքը կմնա աննկատելի, ընկճված, ճնշված հասարակական շրջաններում, կանանց ընկերության մեջ։ Նրան կհամարեն տաղտկալի, ձանձրալի, տգեղ, որովհետև նա չունի Բարաթյանի շուքը և հրապույրը, նրա ուրախ և սիրուն դեմքը, նրա համարձակ և էլեգանտ ձևերը։ Կրկին նրա մտքերը տակնուվրա եղան, նորից դառնությունը համակեց նրա սիրտը։ Նա կատաղեց յուր թուլության դեմ, նա անիծում էր յուր փոքրոգությունը և, միևնույն ժամանակ, չէր կարողանում խեղդել յուր մեջ այն վտանգավոր ցեցը, որ սկսել էր ուտել նրա սիրտը և որի անունն էր նախանձ։
VIII
Օրիորդ Գայանեն աշխատում էր տարածել Դիմաքսյանի դասախոսության տոմսակները։ Առանձին սիրով օգնում էր նրան Բարաթյանը, ոչ այնքան յուր ընկերոջ ունկնդիրների թիվը շատացնելու, որքան օրիորդին և տիկնոջը դուր գալու համար։ Իսկապես նա՛ Դիմաքսյանի դասախոսությանը մի առանձին նշանակություն չէր տալիս և հաճախ թեթևակի հեգնում էր նրան օրիորդի ու տիկնոջ մոտ։ Յուր հոգու խորքում այն կարծիքի էր, որ Դիմաքսյանը անկարող է որևէ միտք լոգիկաբար, գրական ձևով, անշեղ արծարծել։ Նա զգում էր ընկերոջ եռանդը, բուռն ձգտումների ուժը, բայց համարում էր նրան անկանոն խելքի տեր։ Նա հավատացած էր, որ այդ եռանդն ու ձգտումները նրա