Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և վարժուհիներից: Կային և մի քանի գոռոզ զույգեր, որոնք իրանց արիստոկրատ էին համարում այն հիման վրա, որ միջոց ունեին ժամանակակից մոդայով հագնվել։ Իսկ վաճառական դասից շատ քիչ էին ներկա։

Դահլիճի ծայրում երևում էր գրքակալի նման մի նեղ սեղան, որի վրա դրված էին մի բաժակ և մի շիշ ջրով լի:

— Ճիշտ փիլիսոփայության պրոֆեսորի ամբիոն, — հեգնեց Բարաթյանը։

Հետո նա, ներողություն խնդրելով Գայանեից, թողեց նրան մի ծանոթ տիկնոջ հետ, շտապեց Դիմաքսյանի մոտ։

Դասախոսը շրջապատված էր յուր ընկերներով։ Մաքուր, նորաձև հագնված Վեքիլյանը, տեսնելով Բարաթյանին, գլխով մի ծաղրական շարժում գործեց դասախոսի վերաբերմամբ։ Նրա նոր սափրած կոլորիկ թուխ երեսի կաշին փայլում էր ինչպես լայկած ձեռնոց։ Այդ երիտասարդը առհասարակ ամեն մի հասարակական գործի և գործիչի վերաբերում էր թերահավատորեն, բայց երբեք պարզ չէր արտահայտում յուր կարծիքը։ Միայն նրա փոքրիկ, խորամանկ աչքերի մեջ կարելի էր կարդալ այդ կարծիքը, որ միշտ աննպաստ էր, մանավանդ Դիմաքսյանի վերաբերմամբ։

Նա փոքր-ինչ ակնածում էր միայն Բարաթյանից, որի սուր լեզուն, անփույթ վարմունքը և, միևնույն ժամանակ, զգույշ դատողությունները թե՛ նրան դուր էին գալիս և թե՜ վախեցնում էին։

— Ինչո՞ւ չի սկսում, — հարցրեց Բարաթյանը։

— Սանխոն խորհուրդ չի տալիս շուտ սկսել։

Վեքիլյանը «Սանխո» անվանում էր Մսերյանին, հարկավ, Դոնքիշոտի տեղ ընդունելով Դիմաքսյանին։

Այդ միջոցին դասախոսը մոտեցավ հայելուն փողկապը ուղղելու։ Նա հագած էր ֆրակ, որ նրա փոքրիկ ու ոսկրոտ մարմնի անկանոն մասերը ավելի ու ավելի որոշ էր կացուցանում։ Հայելու մեջ նա տեսավ յուր հետևում կանգնած Բարաթյանին։ Մոտալուտ համեմատությունը դարձյալ գրգռեց նրա բնական նախանձը։ Նա գունատ երեսը դարձրեց, բարևեց ընկերոջը և, ճակատը շփելով, դուրս եկավ բեմ։