Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հանդիսականները նրան ընդունեցին կարճատև և դանդաղ ծափահարություններով։

Դասախոսությունը բաղկացած էր երկու մասից. առաջինը ընդհանրապես քաղաքատնտեսության էր վերաբերվում, երկրորդը՝ երկրի տնտեսական վիճակին։

Ամուր, անհողդողդ և ազդու ձայնով նա բացատրում էր գիտությունը։ Նա խոսում էր ոչ իբրև մի մասնագետ չոր ու ցամաք թեորիայի սառն տրամաբանությունով, այլ պարզ, համառոտ և մատչելի ոճով, ինչպես մի իսկական պրոպագանդիստ։

Ունկնդիրները հետաքրքրվեցին։

Հետզհետե նա ոգևորվում էր։ Մերթ նրա ձայնը բարձրանում էր, մերթ մեղմանում։ Երբեմն նա կանգ էր առնում և մի քանի կաթիլ ջրով կոկորդը թրջում։ Նա չէր շփոթվում, չէր դողում, ինչպես անփորձ դասախոսները։ Նա ազատ տիրում էր խոսքին, որպես հմուտ քարոզիչ կամ շնորհալի դերասան։ Շարքերով ցցված գլուխները նրա աչքում խառնվել էին և կազմել մի տգետ, խավար ամբողջություն, դեպի ուր նա սփռում էր լուսո շողքերը։ Ո՛րքան նա բարձր էր զգում իրան այդ ամբոխից։ Թվում էր նրան, թե կանգնած է ուսուցչական ամբիոնում, յուր առաջ նստած են անչափահաս աշակերտներ։ Նա ավարտեց առաջին մասը այնպես, որ, կարծես, մի հետաքրքրական վեպ ընդհատեց։ Նրան երկար ժամանակ ծափահարեցին, չդուրս եկավ շնորհակալություն հայտնելու։

Հոգնած, քրտնած, գունաթափ նա նստած էր աթոռի վրա, երբ ամենից առաջ ներս վազեց Մսերյանը և, յուր գրկի մեջ առնելով նրան, գոչեց.

— Շնորհավորում եմ, բարեկամս, երբեք չէի կարծում, թե գիտությունը կարելի է հայերեն լեզվով այդքան հետաքրքրական և հասկանալի դարձնել։

Եկան բժիշկ Սալամբեկյանը, Վեքիլյանը և ուրիշները։ Իրավաբանը մի կոմպլիմենտ ասաց Դիմաքսյանին, բայց նրա աչքերը դարձյալ հակառակն էին արտահայտում։ Բժիշկ Սալամբեկյանը դժգոհ էր հասարակությունից և դասախոսի ջանքը իզուր էր համարում։