Բարաթյանը ներս առաջնորդեց տիկին Բախտամյանին, օրիորդ Գայանեին և ուրիշ երկու տիկինների։
Բախտամյանը այնպես էր հագնվել, որ, կարծես, պարահանդես էր եկել։ Նա Դիմաքսյանին ծանոթացրեց յուր հետ բերած տիկինների հետ, որոնք նոր ընկերության ղեկավարներից էին։ Բայց դասախոսի ուշը ուրիշ կողմ էր։ Աոաջին անգամ էր նա Գայանեին հանդիպում հասարակության մեջ։ Նա սովորել էր տեսնել նրան կամ տնային անշուք հագուստով, կամ փողոցում վերարկուով։ Այժմ օրիորդը հագած էր թավշյա լայն ժապավեններով զարդարած և վերջին մոդայով նոր կարած բաց մանիշակագույն զգեստ։ Նրա դեմքի վրա խաղում էր գոհունակության ժպիտը, կապույտ աչքերի մեջ կենսականության հուրը վառվում էր տակավին չտեսնված փայլով։ Նրա ամբողջ կերպարանքից բուրում էր թարմություն և կյանքի հրապույրները վայելելու անհուն ցանկություն։ Նա հավանություն հայտնեց Դիմաքսյանին և իսկույն հեռացավ Բարաթյանի հետ, յուր հետ տանելով դասախոսի ուշ ու միտքը։
Դահլիճից լսվեցին ծափահարություններ։ Դիմաքսյանր դուրս եկավ բեմ գունատ, հուզված, սրտի խորքում մի անտանելի զգացում։ Նա հանկարծակի գրգռվել էր և՜ Բարաթյանի դեմ, և՛ օրիորդի դեմ, և՜ ամենքի դեմ։ Այժմ նրան թվում էր, որ բոլորը կեղծում են, բոլորը ներքուստ ծաղրում են նրան, համարում են մի տեսակ խենթ, դուրս է եկել և հասարակությանը ձանձրացնում է յուր ատենաբանությունով։
Նա մի կերպ զսպեց իրան։ Անցավ առաջին հուզմունքը, նա հետզհետե հափշտակվեց յուր ճառով, մոռացավ ամեն ինչ և խոսում էր ավելի ազատ, քան առաջ: Բայց այդ երկար չտևեց։ Հանկարծ նրա հայացքը ընկավ երկրորդ շարքի ծայրին։ Պատին քաշ արած կանթեղի լույսը սփռվել էր ուղիղ նրանց վրա... Բարաթյանը, թեքված Գայանեի կողմը, շշնջալով խոսում էր։ Օրիորդը երեսը հովհարով ծածկել էր, որ ծիծաղը հասարակությունից թաքցնի։ Այո՛, մեկը սրախոսում էր, մյուսը ծիծաղում։ Ինչո՞ւ, ո՞ւմ վրա, մի՞թե նրան են ծաղրում։ Օ՜օօ, այդ արդեն հանդգնություն է։ Ինչպե՞ս,