Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աչքերը մարդուն,— դու քեզ մոռանում ես։ Առաջինը Բարաթյանը այստեղ գործ չունե, երկրորդը տասն ու իններորդ դարի վերջն է։

— Ասելդ ի՛նչ է։

— Ասելս այն է, որ մեր ժամանակում ականջ քաշելով երեխա չեն կրթում։

— Հերիք է, քո հորն օղորմի, ես դարի-մարի հետ բան չունեմ, դու շատ ես երես տալիս երեխաներին։

Ժամանակակից տիկինը սառն և հանդիսավոր եղանակով պատասխանեց.

— Ես նրանց կրթում եմ նոր սիստեմով։

Գայանեի միտքը հեռու էր այս ընտանեկան տեսարանից, որ գրեթե ամեն օր կրկնվում էր նույն վարիացիաներով։ Գգվանքով նա հիշում էր այն սովորական պահը, երբ առհասարակ տեսակցում էր Բարաթյանի հետ։ Նա մտքում րոպեները, նույնիսկ վայրկյանները հաշվում էր, թե երբ կհասնի ցանկալի հինգ ժամը, երբ նա սովորաբար Օվսաննայի հետ դուրս էր գնում «մաքուր օդ շնչելու»։ Ճիշտ այդ ժամին նա Դվարցովայի փողոցում հանդիպում էր Բարաթյանին զբոսնելիս կամ որևէ մագազիայի առջև կանգնած վիտրինում դարսած իրերը զննելիս։ Տեսնելով միմյանց, երկուսն էլ զարմացական նշան էին անում, իբրև թե չէին սպասում հանդիպել իրար։ Օվսաննան առայժմ նրանց խանգարել չէր կարող, քանի որ խոսակցությունը սովորական բարեկամության սահմանից չէր անցնում։ Բայց ի՛նչ փույթ, նրանք արդեն միմյանց միտքը հասկանում էին։

Տիկին Բախտամյանին շատ լավ հայտնի էր, թե ում և ինչու համար է Գայանեն ամեն երեկո դուրս գալիս։ Նա չէր խանգարում օրիորդին, որովհետև կամա-ակամա ստիպված է ազատամիտ մոր դեր կատարել։ Նա գիտեր, որ բախտը հազիվ Գայանեին հաջողի ավելի լավ ամուսնացու գտնել։ Սակայն երբեմն վրդովվում էր հոգու խորքում։ Նա, այդ երիտասարդ, գեղեցիկ կինը, որ համոզված էր, թե ընդունակ է մի քանի Գայանենեի նսեմացնել, հանկարծ խնամող մոր պաշտոն է կատարում, իրանից միայն հինգ տարի երիտասարդ օրիորդի համար։