Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբ այդ մասին մտածում էր, երբ նայում էր յուր ամուսնու խորշոմած երեսին, սպիտակ մազերին, երբ համեմատում էր նրան այն առույգ, ծիծաղկոտ, ուրախ երիտասարդի հետ, այն ժամանակ տիկնոջ սիրտը լցվում էր դառնությամբ։ Նա նախանձում էր Գայանեին։ Նա յուր սրտում զգում էր մինչև անգամ ատելություն դեպի օրիորդը։ Եվ օրեցօր նա Գայանեի վերաբերմամբ դառնում էր անհամբեր, դյուրագրգիռ։ Միևնույն ժամանակ, մի ծանր միտք, կարծես, հալածում էր նրան։

Մի առավոտ տիկինը մտավ Գայանեի սենյակը։ Օրիորդը լուսամուտի առաջ նստած թղթատում էր մի նոր գիրք, որ Բաբաթյանն էր խորհուրդ տվել նրան կարդալու։

— Գայանե՜։

Նա գլուխը բարձրացրեց։

Տիկինը սովորականից ավելի էր հուզված։

— Ես ուզում եմ այսօր հինգ ժամին քեզ հետ գնալ տիկին Միրզախանյանի մոտ։

— Ինչո՞ւ համար։

— Ընկերության գործերի մասին խոսելու։

— Կանոնադրությունը ստացվե՞լ է։

— Ոչ, դեռ չէ ստացվել, բայց հաստատվել է։

— Այդ ես գիտեմ։ Բայց քանի որ չէ ստացվել, ի՞նչ խոսելու բան ունենք։

— Ուրեմն չե՞ս ուզում ինձ հետ երեկոյան հինգ ժամին գնալ Միրզախանյանի մոտ։

— Եթե անպատճառ ցանկանում ես, գնանք, — պատասխանեց Գայանեն նշմարելի դժկամակությունով։

— Ինչպես տեսնում եմ, չես ուզում գնալ, լավ, ես չեմ ստիպում։ Ես առանց քեզ էլ կարող եմ գնալ։

Նա մի սուր հայացք ձգեց օրիորդի աչքերի մեջ։ Գայանեն գլուխը խոնարհեցրեց։

— Գայանե՜։

Օրիորդը դարձյալ գլուխը բարձրացրեց։

— Երեկոյան տա՞նն ես ուզում մնալ։

Օրիորդը մի քիչ տատանվեց, ապա համարձակ պատասխանեց.