— Ոչ, դուրս կգամ մի քիչ զբոսնելու:
Տիկինը ժպտաց։
— Դուրս կգաս մի քիչ զբոսնելու, այսինքն երկու, երեք, չորս ժամ։
Եվ նա ավելի սուր նայեց օրիորդի կապույտ աչքերին։ Մի քանի վայրկյան նրանք լուռ էին։ Օրիորդը երեսը դարձրեց դեպի լուսամուտը, որտեղից երևում էին փոքրիկ պարտեզի տերևաթափ ծառերը։ Իսկ տիկինը աչքերը սևեռել էր նրա կիսադեմքին։
— Դու ինձանից իզուր ես թաքցնում, ես ամեն բան գիտեմ։
Տիկինը աշխատում էր խոսել մեղմ, բարեկամական եղանակով։ Բայց ձայնը մատնում էր նրան, նա հուզված էր։
— Դու լռո՞ւմ ես, ուրեմն ես չեմ սխալվում։ Է՛հ, ի՛նչ կա, նա լավ տղա է, դու գիտես, որ ես էլ շատ եմ հավանում նրան։
Մինչև այդ վայրկյանը Գայանեն չէր նայում նրա կողմը։ Ամոթից ու կասկածից ցնցողաբար գողացող մատներով նա անընդհատ փաթաթում էր և բաց անում յուր կրծքի ժապավենը։ Կամացուկ գլուխը ծռեց և նայեց տիկնոջ երեսին, ինչպես մի մեղանչած երեխա, որ ամաչում էր յուր արարքից։
— Դու կարծում ես կհակառակե՞մ, ո՛չ, Գայանե, մի վախենալ։ Ապա մեկ էլ մտիկ արա աչքերիս և ուղիղն ասա։
Փարատվեց օրիորդի սրտում ծանրացած կասկածը։ Ո՛չ, անկարելի է, որ ուրիշ բան լինի։ Տիկինը ազնիվ է, տիկինը սիրում է նրան անկեղծ սրտով և երբեք, երբե՛ք խոչընդոտ չի լինիլ նրա երջանկությանը։ Չքացավ անվստահությունը, մի ինչ-որ ներքին ուժ մղեց նրան դեպի տիկնոջ գիրկը, և գլուխը հանդարտ թեքվեց նրա ուսի վրա։
— Շատ ուրախ եմ, շատ ուրախ եմ։ Ես գիտեի, որ այդպես պետք է լինի։
Տիկինը յուր գլուխը բարձր պահած, փափուկ սրածայր մատներով շոյում էր օրիորդի մազերը։ Նկատելի էր նրա դեմքի վրա մի թեթև գունատություն, նկատելի էին նույնպես