Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պյոտր Սոլոմոնիչը գովեց Դիմաքսյանի դասախոսությունը, հայրաբար ձեռը խփեց նրա ուսին և բարեկամաբար հանդիմանեց, որ ուշ-ուշ է այցելում իրան։ Արդարև, այն օրից, երբ նա զգաց, որ անտարբեր չէ դեպի օրիորդ Գայանեն, այն օրից նա ամաչում էր Բախտամյանների տուն գնալ, թեև կցանկանար ամեն օր այնտեղ լինել։ Միայն ամեն առիթից օգտվում էր գոնե դրսում տեսնելու օրիորդին և հետը խոսելու։ Երկու շաբաթ էր նա տենդային հուզմունքի մեջ էր։ Պաշտոնակիցները նրա հետ իրանց կռիվը նորոգել էին։ Այժմ նրան հալածում էին ամենքը։ Նույնիսկ կողմնակիցները շատ թույլ պաշտպանություն էին ցույց տալիս։ Ամբողջ հոգով նա բողոք էր բարձրացրել դպրոցի հակաառողջապահական պայմանների — սենյակների փոքրության և մթության, օդի սակավության դեմ։ Նա պահանջում էր արմատական վերանորոգություն։ Այս պատճառով հոգաբարձուների մեծ մասն էլ վրդովվել էր նրա դեմ, որ անընդհատ դատապարտում էր նրանց թուլությունը և անուշադիր լինելը դեպի աշակերտների վիճակը։

Մյուս կողմից, մի հայ լրագրում ծաղրի էին ենթարկել նրա դասախոսությունը։ Եվ նա յուր սրտի թույնը այժմ ուղղել էր դեպի լրագրական թշնամիները։ Բայց ավելի նա վշտացած էր մի ռուս թերթում տպված հոդվածից։ Այստեղ անհայտ հեղինակը բավական չէր որ պարսավել էր նրա դասախոսությունը, այլև զրպարտել էր նրան, առանց փաստերի, ասելով, թե նա յուր բոլոր մտքերը քաղել է օտար գրքերից։ Այդ էլ բավական չէր, հոդվածագիրը կծու ծաղրով ավելացրել էր.

«Պարոն դասախոսի չարությունը հայ ինտելիգենցիայի դեմ կարելի է բացատրել հոգեբանորեն։ Բայց ի՞նչ մեղավոր են հայերը, որ անգութ բնությունը երբեմն մարդկանց փոքրիկ մարմնի մեջ նրանց ուժից ավելի չար նախանձ է դնում»։

Նա մենակ նստած էր բուֆետի կիսախավար սենյակում և յուր սրտի վիշտը ճգնում էր խեղդել ծխախոտի թանձր ծխով: Նրան մոտեցավ բժիշկ Սալամբեկյանր սովորական դժգոհ և մաղձոտ ժպիտը երեսին։

— Դատարկ բան է, — եղավ բժշկի առաջին խոսքը։