Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ալեզարդ մարդու հետ։ Որքան, երևի, ծիծաղում են նրա վրա բախտավոր ընկերուհիները։ Եվ իրավունք ունեն, միթե ինքը, տիկինը չէ՞ր ծիծաղիլ մի ուրիշի վրա։

Նա կանգնած էր բարձր հայելու առջև թեթև հագուստով, կիսաբաց կրծքով և հոլանի թևերով։ Նա հիանում էր ինքն իրանով։ Գանգուր և թանձր մազերը, ինչպես մայիսյան դալար խոտ, փռվել էին նրա գիրուկ, սպիտակ և կիսամերկ թիկունքի և ուսերի վրա։ Ներքին հուզմունքից նրա կուրծքը ուժգին երերվում էր և կոկորդի բարակ կապտագույն երակները փքվում։ Նրա կամարաձև, պարսկական ճաշակով գծավորված, սև հոնքերի տակ տեղավորված թուխ աչքերը պսպղում էին կրքոտ կատվի աչքերի պես։ Նրա լիք-լիք կիսաբաց շրթունքները կապտել էին և թեթևակի դողում էին։

Երբեմն նա գեղեցիկ արծաթյա սանրը ազատում էր հարուստ մազերի ալիքների միջից և ավելի ուշադիր դիտում իրան՝ սկսած տափակ, նեղ և սպիտակ ճակատից մինչև ոտների ծայրերը։ Նա անիծում էր յուր անսիրտ ծնողներին։ Ինչո՞ւ հարստությամբ հրապուրվելով իրանց տասնութ տարեկան աղջկան տվեցին քառասուն ու ինը տարեկան թառամածին։ Անգո՛ւթ հայր, դու ծախեցիր քո աղջկան, դու քո պարտատերերից ազատվելու համար հարուստ փեսա գտար, որ նա յուր փողով քեզ օգնի։ Դու հասար քո նպատակին քո աղջկա բախտի գնով։ Օ՛օ, եթե նա այն ժամանակ ունենար այժմյան խելքը, համարձակությունը և կամքի կորովությունը, երբեք, երբե՛ք չէր մտնիլ այդ դժոխքը։

«Գոնե մեռներ, այրի դառնայի»,— կրկնում էր նա մտքում։

Բայց Պյոտր Սոլոմոնիչը չէր էլ մտածում մեռնելու մասին, այնքան նա առողջ էր, ամրակազմ և այնքան նա խնամում էր յուր առողջությունը։

Առաջին ծանոթը, որին տիկինը պատահեց թատրոնում, Դիմաքսյանն էր։ Հակառակ սովորականին՝ նա սիրալիր կերպով բարևեց երիտասարդին, որպեսզի կամացուկ յուր թևը ազատե ամուսնու թևի տակից, որ էնպես ամուր սեղմել էր նրան։