Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մորմոքվում։ Այդ պետք է հասկանա օրիորդը, պետք է գնահատի, եթե խելք ունե, պետք է զգա, եթե սիրտ ունե։

Նրանք խոսեցին խաղացվող պիեսի մասին։ Հերոսը զոհ է դառնում կրակոտ սիրո համար մի ընտանեկան անհաղթելի խոչընդոտի։ Դիմաքսյանը չէր հավանում պիեսի գաղափարը։ Նա ոգևորված բացատրում էր սիրո անհաղթելի ուժը։ Օրիորդը չէր հակառակում։ Ախ, ո՛րքան նա այդ րոպեին հրապուրիչ էր, ո՛րքան բարի և ներողամիտ էր նրա հայացքը։ Դիմաքսյանի ձայնը դողում էր։ Անշուշտ նա անկարող կլիներ իրան զսպելու, եթե նրանք առանձին լինեին, մի խուլ անկյունում, հեռու մարդկանց այդ ատելի աչքերից։

Հանկարծ օրիորդը լուրջ աչքերով նայեց նրա երեսին, և արագորեն գլուխ տալով, հեռացավ։ Նա զգաց յուր խոսակցի հոգեկան դրությունը, նա փախավ ավելորդ խոսքերից։

Դիմաքսյանը միայնակ, շփոթված, չգիտեր ուր դիմեր, ինչպես խույս տար հասարակությունից։ Նրան թվում էր, թե չորս կողմից յուր վրա են նայում։ Ահա հենց այդ վայրկյանին նա տեսավ Վեքիլյանին։ Արյունը մի նոր ուժով խփեց նրա գլխին, ականջները և ճակատը սկսեցին այրվել տաքությունից, երբ իրավաբանը, անփոփոխ ժպիտը երեսին, ցիլինդրը սեղմեց կրծքին և գլուխ տվեց։ Սովորույթը ստիպեց նրան գլխի մի թեթև շարժումով պատասխանել այդ կեղծ բարեկամական ողջույնին։

Իրավաբանը մոտեցավ նրան։

— Տեսնո՞ւմ ես, ինչ լավ են խաղում։

— Կյանքում ավելի լավ դերասաններ կան, — պատասխանեց Դիմաքսյանը։

— Այո՛, այդ էլ ճիշտ է:

— Վեքիլյան,— ավելացրեց Դիմաքսյանը խիստ ձայնով,— ես քեզանից չէի սպասում։

— Ի՞նչ։

— Որ կարող ես մթին անկյունից ինձ վրա քարեր արձակել:

— Չեմ հասկանում ասածդ։

— Այն անստորագիր պասկվիլի հեղինակը դո՞ւ ես։