Վեքիլյանը այնպիսի մի զարմացական նշան արեց, որ, կարծես, ավելի անհեթեթ բան չէր լսել կյանքում։
— Ո՞վ է ասում։
— Մի մարդ, որին ամբողջ հոգով հավատում եմ։
— Այդ մարդը ապացույց ունե՞։
— Ապացույցներ պահանջում են դատարանում փաստաբաններից։ Հասարակական կյանքում մարդու խիղճն է ապացույցը։
— Արսե՛ն, խելոք մարդը զրպարտիչներին չէ հավատում։
— Բայց ճշմարիտը խոսողին պետք է հավատալ։
— Հոդվածն անստորագիր է, պատասխանատու է խմբագրատունը, ապացույցների համար դիմիր այնտեղ:
— Աա՜, ուրեմն չես հերքում, որ դու ես հեղինակը։
— Մի բան կասեմ, Արսեն. այն հոդվածը ով որ էլ գրած լինի, իմ կարծիքով, յուր մեջ քեզ համար վիրավորական բան չի պարունակում։ Ով որ ուզում է ճշմարտություն քարոզել, պարտավոր է և ճշմարտություններ լսել, որքան էլ նրանք դառն լինեն։ Pardon հորաքույրս ինձ կանչում է։
Նա գլուխ տվեց և շտապով մոտեցավ օթյակի դռան մոտ կանգնած մի կնոջ։
Դիմաքսյանի համար այլևս կասկած չմնաց, որ Վեքիլյանը յուր դիմակավորված թշնամին է։ Ուրեմն, ճիշտ է ասում Սալամբեկյանը, թե այդ մարդու արտաքին վայելուչ ձևերի և բարեկամական ժպիտների տակ թաքնված է օձային սիրտ։ Նա մինչև անգամ վիրավորական չէ համարում յուր տմարդի վարմունքը։
«Կնաշանակե իմ դեմ սկսել են զինվել նույնիսկ իմ ընկերները։ Բայց նրանք ինձ հետ ուխտել էին միևնույն համոզմունքով, միևնույն ուղղությամբ գործել։ Այդպե՞ս են ուրեմն կատարում իրանց ուխտը։ Այլևս ո՞ւմ վրա հույս դնել, ումին հավատալ»։
Միթե նա միայնա՞կ պետք է մնա, միայնակ յուր սրտի բոլոր դառնություններով, հոգու բոլոր ձգտումներով։ Բժիշկ Սալամբեկյանը տակա՜վին մաքուր է։ Բայց կա և մի ուրիշը — Մսերյանը։ Այո՛, այդ մարդուն կարելի է հավատալ, նրա