Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարզասրտության վրա հույս դնել։ Նա կա և կմնա միշտ անկեղծ, բարեհոգի, վեհանձն։

Ներկայացումն վերջացել էր։ Հանդիսականները միահամուռ դիմում էին դեպի դուրս, Դիմաքսյանի աչքերը թափառում էին այս ու այն կողմ։ Եվ դարձյալ նա տեսավ Գայանեին։ Ահա և «նա՜», միշտ ուրախ, միշտ զվարթ, միշտ ժպտուն։ Նա հետևում է օրիորդին և շշնջում տիկին Բախտամյանի հետ։ Իսկ ինքը, Դիմաքսյանը... երբեք նա այնքան փոքրիկ, ճնշված և սեղմված չէր յուր աչքում, որքան այժմ։

Նա կարծում էր, որ ամենքը խղճում են իրան, ծաղրում են և ծիծաղում։ Մարդկանց խառն-խուռն շարքերի մեջ նա երևում էր ինչպես ծուռ բուսած մի ծառ անտառում։ Նրա փոքրիկ մարմինը հրվում և մղվում էր ամեն կողմից, ինչպես մի տաշեղ ալիքների մեջ։ Եվ այդ ավելի սաստկացնում էր նրա սրտի կրակը։

Ճնշեցե՛ք, ճնշեցե՛ք այդ տձև մարմինը։ Նա ծծում է յուր ներսը դինամիտային մի թունավոր և պայթուցիկ ուժ։ Կգա ժամանակ, որ այդ սղմված, կարծրացած ուժն այլևս չի դիմանալ արտաքին ճնշումներին: Սոսկալի դղրդյունով նա դուրս կժայթքի ոչ միայն անհատների, Վեքիլյանների, Բարաթյանների գլխին, այլև ամբողջ հասարակության, ժոդովրդի, ազգի վրա, որ ծնում է և սնուցանում այդ անհատներին։ Իսկ դու, գեղադեմ օրիորդ, դու, որ այնպես երես ես դարձնում նրանից, զգո՛ւյշ, որ քո ընտրածը արդարացնե քո հույսերը, զգո՛ւյշ, որ այդպես ուրախ, այդպես ծիծաղկոտ, այդպես երջանիկ կառք ես նստում նրա հետ...


XI


Բարաթյանի համար անտանելի էր յուր հասարակական դիրքը։ Այն զգացումը, թե ինքը մի ինչ-որ ընկերության հասարակ գործակալ է, վիրավորում էր նրա անձնասիրությունը։ Եվ գիշեր-ցերեկ նա խորհում էր — արդյոք ինչպես ընկերական կյանքում ստեղծի մի դրություն, որ գեթ մասամբ գոհացներ նրա փառասիրական զգացմանը։