Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասկացավ, որ այս անգամ երիտասարդը կարևոր գործի համար է եկել, քանի որ մինչև այժմ նա երբեք յուր գալստյան մասին այդպես չէր ազդարարել ծառայի միջոցով։

Բարաթյանը հագնված էր սովորականից լավ և խնամքով։ Նրա դեմքը արտահայտում էր անսովոր լրջություն, իսկ աչքերի մեջ նկատվում էր խորին ակնածություն Պյոտր Սոլոմոնիչից։ Այս բանը մեղմացրեց ծերունու սիրտը։ Նա ընդունեց երիտասարդին համեմատաբար ավելի հարգանքով, քան երբևէ ընդունել էր։

Բարաթյանին հարկավոր էր մի փոքր կողմնակի բաներից խոսել, որպեսզի մի կերպ խոսք բաց անե յուր նպատակի մասին։ Ուստի նա դիպլոմատիական հմտությունով սկսեց բավական հեռվից և ապա հետզհետե մոտեցավ բուն գործին։ Պյոտր Սոլոմոնիչը լսում էր նրան լուռ, մերթ ակնոցը դնելով քթին, մերթ հանելով։ Կարծես, նա փորձում էր — ապակիներո՞վ լավ կհասկանա լսածը, թե՞ առանց ապակիների։ Երբ Բարաթյանը ասելիքը վերջացրեց և գլուխը ուղիղ պահած խորին պատկառանքով պատասխանի էր սպասում, Պյոտր Սոլոմոնիչը նորից հանեց ակնոցը և սկսեց նայել յուր բաճկոնակի կոճակներին։ Թվում էր, որ նա դրսից է խորհրդակցում յուր սրտի հետ հանդիսավոր առաջարկության մասին։ Ձայն եկավ ներսից, թե իսկի էլ վատ չէ Բարաթյանի նպատակը։ Նախ, վերջապես, պետք է Գայանեին մեկի հետ ամուսնացնել, երկրորդ, այդ Բարաթյանը, աստված վկա, վատ երիտասարդի չի նմանվում: Գայանեի համար է եղել նրա այցելությունը. կնշանակե Պյոտր Սոլոմոնիչը իզուր էր նրան ատում, կարծելով, թե... էհ, վերջապես...

— Պարոն Բարաթյան, դուք Գայանեին անկե՞ղծ եք սիրում:

Սիրում է անկեղծ և շատ է սիրում։

— Պարոն Բարաթյան, ձեր հորը՝ Գերասիմ Գերասիմիչին ասե՞լ եք, թե ուզում եք Պյոտր Սոլոմոնիչ Բախտամովի քրոջ աղջկա հետ պսակվել։

Իհարկե, ի՛նչ ասել կուզե։ Նա այն երիտասարդներից չէ, որ առանց իրանց ծնողների հաճության են ամուսնանում։