Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երիտասարդի պատասխանները դուր եկան Պյոտր Սոլոմոնիչին։ Ծերունին գլուխը հավանական ձևով շարժեց և այս անգամ աչքերը հառեց դիմացինի կոճակներին։

— Բան էլ կա։

— Հրամայեցեք, Պյոտր Սոլոմոնիչ, ձեր խոնարհ ծառան եմ։

— Մեր ժամանակում ընտանիք պահելը մի քիչ դժվար է։

— Այսինքն ի՞նչպես։

— Շատ փող է հարկավոր։

Բարաթյանը ստանում է տարեկան 2000 ռուբլի ռոճիկ, ապրում է յուր հոր տանը և ամուսնանալուց հետո էլ պետք է այնտեղ ապրի։ Բացի դրանից, հայրը խոստանում է նրան ամսական 200 ռուբլի։

— Հայրդ ի՞նչքան կարողություն ունի, ամոթ չլինի հարցնելը։

— Մեր տունը տեսե՞լ եք։ Պյոտր Սոլոմոնիչ։

— Լա-ավ։ Գրավ դրած չէ՞։

— Ո՛չ:

— Արժե ութսուն հազար։

— Օրթաճալումն էլ մի այգի ունենք։

— Գրոշ չարժե։ Փո՞ղ, բա՞ն։

— Հաստատը չգիտեմ, բայց, կարծեմ, իմ մասը մոտ քսան-քսանհինգ հազար զուտ փող կլինի։

Պյոտր Սոլոմոնիչը լռեց և դարձյալ նայեց յուր կոճակներին։ Բարաթյանի պատասխանները բոլորովին գոհացուցիչ էին, խելոք մարդը այդ կարողությունով կարող է շատ լավ ապրել։ Բայց ի՞նչ օրինավոր երիտասարդ է, օժիտի մասին իսկի՜ մի խոսք։ «Արի սրան փորձեմ», մտածեց նա։

— Պարոն Բարաթյան, ես Գայանեին աչքիս լույսի պես եմ սիրում։

— Իհարկե, իհարկե, ես շատ լավ գիտեմ։

— Համբերեցե՛ք։ Հանգուցյալ քույրս մեռնելիս ինձ ասաց. «Պետրոս, աղջկանցս փողոցներում չթողնես Գայանեն տասներեք տարեկան էր, Օվսաննան հինգ տարեկան, երբ նրանց բերեցի իմ տուն: Ինը տարի վեց ամիս է նրանց