Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կնիկ իրան մարդուն հարցրեց ձեր մասին «ո՞վ է այդ համակրելի տղամարդը»։ Արևս վկա, ականջովս լսեցի։ Ասում եմ էլի, որ աստված տալիս է, ամեն կողմից է տալիս, հապա՜, ինչո՞ւ մի քոսոտն էլ ինձ համար չի ասում, թե «համակրելի» եմ։

Եվ տեսնելով, որ իր հաճոյախոսությունը մի ժպիտ շարժեց Հալաբյանի երեսի վրա, նա հանեց գրպանից մի արծաթյա տուփ և խուփը բանալով, պահեց նրա առաջ, ասելով.

— Գլխի ցավի համար խիստ լավ է։

— Վարպետ ես, Սերգո,— ասաց Հալաբյանը, ցուցամատի ու բութ մատի ծայրերով վերցրեց մի պտղունց քթախոտ, մեջքից թեքվեց, որ նոր կարված սև սյուրտուկը չապականվի, և ախորժակով քաշեց։

Քթախոտ քաշելը Հալաբյանի քմահաճություններից մեկն էր, որ սակայն մտաբերում էր շատ քիչ անգամ և այն էլ մոսիո Վախվախյանին տեսնելով։ Վերջինը միշտ յուր գրպանում պահում էր լիք տուփը հատուկ նրա համար։

— Այսօր միասին կճաշենք,— ասաց Հալաբյանը,— իսկ այժմ գնանք Կավկազ հյուրանոցում մի թեթև նախաճաշիկ անենք:

III

Մի ամպամած առավոտ Անդրկովկասի երկաթուղու կառախումբը կանգ առավ Թիֆլիսի կայարանում։ Երկրորդ դասի մի կառքից, շատ ճանապարհորդների թվում, դուրս եկավ և մի երիտասարդ, մի օրիորդի հետ թևակցած։ Բեռնակիր մշակներից մեկը դուրս բերեց նրանց ճանապարհի իրեղենները — երկու բարձ, մի կաշվե արկղ, մի պլեդ և մի կապ կազմած ու անկազմ գրքեր։

Օրիորդը ձեռում բռնած ուներ կիսաթառամ ծաղիկների մի փունջ, որից նա ստեպ-ստեպ հոտ էր քաշում։ Շտապ և ուրախ խոսակցելով, երիտասարդն ու օրիորդը պլատֆորմի վրա խռնված խիտ բազմության միջով անցան կայարանի մյուս կողմը։ Հետաքրքիր դիտողը, նայելով այդ թև թևի տված զույգ արարածներին, զննելով նրանց վարվելու ձևերը և