Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մանավանդ կերպարանքը, կգուշակեր քույր ու եղբայր լինելը. այնքա՛ն հասարակ էին այդ ձևերը, այնչափ նման էին նրանք միմյանց։

Երեցը եղբայրն էր, կրտսերը քույրը — արագաշարժ և ճկուն, մոտ քսան ու երկու տարեկան մի օրիորդ: Նրա, երկար ու սև արտևանունքների մեջ պարփակված, պարզ գույնի խոշոր աչքերի մեջ վառվող երիտասարդական կենդանի հուրը մի գրավիչ զվարթություն էր տալիս սակավ ինչ արևակեզ երեսին։ Նա միջին հասակից քիչ բարձր էր, ոչ նիհար, ոչ գեր, համաչափ կազմվածքով։ Հագած էր նա համեստ մոխրագույն ասվյա զգեստ, նույն գույնի մահուդի կարճ վերարկու: Պանամի դեղնագույն գլխարկից քարշ ընկած թափանցիկ, սպիտակ շղարշը, քողավորելով նրա շագանակագույն պերճ մազերը, ընդգրկել էր նրա մեջքը օձապտույտ ձևերով։ Երիտասարդը բարձրահասակ էր, դեմքի մեղմ գծագրությամբ, բարեհամբույր, ավելի թուխ գույնով, կարճլիկ խուզված միրուքով ու մազերով։ Նա հագած էր մոխրագույն կարճ պիջակ, նույն գույնի վարտիկ, որի ծայրերը մտցրած էի ճանապարհային փայլուն կոշիկների երկար տնկարուրդի մեջ:

Նրանք նստեցին կայարանի առջև խմբված կառքերից մինը։ Երիտասարդը ասաց փողոցի անունը, կառքը սլացավ դեպի քաղաքի կենտրոնը։

— Դարձյալ Թիֆլիսումն ենք,— ասաց օրիորդը հառաչելով։

— Եվ այդքան ուշ,— հարեց երիտասարդը, անհանգիստ ձևով ուղղելով յուր ուսին գցած փոքրիկ պայուսակը։

— Իսկ իմ կարծիքով, վաղ,— հակասեց օրիորդը,— և ինչու՞ համար — չգիտեմ։ Ախ, ի՛նչ տեսարաններ, ի՛նչ անտառներ, ի՛նչ ձորեր, ի՛նչ հրաշալի լեռներ թողինք այնտեղ:

Այս ասելով, օրիորդը մի քանի անգամ արագ-արագ հոտ քաշեց յուր ձեռում բռնած փնջից։ Եվ նույն վայրկյանին մի դուրեկան պայծառ ժպիտ սահմանեց նրա քնքուշ շրթունքների վրա, գուցե երփներանգ ծաղիկների անուշ բուրման ազդեցությունից:

— Ուզում ես ինձ հավատացնել, որ քեզ ոգևորողը միայն տեսարաննե՞րն էին,— արտասանեց երիտասարդը, և