Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թունավոր օձ է համարում։ Այո՛, նա թունավոր է, բայց միայն Դիմաքսյանի մեջ չի գտնվում նա։ Մի-մի այդպիսի օձ նստած է ամեն մի մարդու կրծքի տակ և գիշեր-ցերեկ կրծում է նրա սիրտը, թուլացնում է նրա հոգին, ծծում է նրա կյանքի հյութը։ Մի տարբերություն կա Դիմաքսյանի և ուրիշների մեջ, նրա սրտի օձը ավելի մեծ է, ավելի թունավոր և ավելի արթուն ու զգայուն։ Եվ ինչո՞ւ, որովհետև նրա միտքը ևս ավելի բարձր, սիրտն ևս ավելի ընդարձակ է։

— Ոչ, — գոչեց իդեալիստը զգացված, բռնելով ընկերոջ բազուկը, — վկա է աստված, կյանքիս երեսուն ու հինգ տարվա ընթացքում ոչ մի անգամ ոչ մեկին չեմ շողոքորթել, թեև կարիք ունեցել եմ շողոքորթելու... Բայց կգա ժամանակ, և ես համոզված եմ նրա գալուն, որ դու խելքիդ ուժով կջախջախես այդ օձի գլուխը։ Այնուհետև քո մեջ կմնա միմիայն մարդը, կատարելագործված, կյանքի քուրայում ձուլված և զտված մարդ։ Հիշո՞ւմ ես այն երեկոն, երբ դու քեզ դժբախտ անվանեցիր։ Ես ասացի, դու ամենաբախտավորը կլինես մարդկանց մեջ։ Եվ կլինես։ Սպանիր այդ օձին, և դու կտեսնես, որ ես չեմ սխալվում, ինչպես չեմ սխալվում, թե կգա ժամանակ, որ անհատի բոլոր մանր ինստինկտները կենթարկվեն ընդհանուրի երջանկության պահանջներին...

Դառն և վշտալի ժպիտը մթագնեց Դիմաքսյանի երեսը։ Շատ է աշխատել նա ջախջախել հրեշին, շատ է ճգնել ազատվել նրա տանջանքներից, բայց իզուր։ Ծովային պոլիպի պես հարյուրավոր ճանկերով նա բռնել է նրա ամբողջ էությունը և սեղմում է անխնա։

— Ահա, հենց այժմ, այս վայրկյանիս, դու խոսում ես, իսկ նա արթնանում է։ Ես վշտանում եմ, ինչո՞ւ դու պետք է ինձ խրատես, ինչո՞ւ ես միմիայն իմ և իմ խելքին չպիտի հավատամ։

— Տարիների փորձը կտա քեզ այն զենքը, որի մի հարվածով կկտրես նրա հարյուրավոր ճանկերը։ Ապրիր, գործիր և կտեսնես։

Նրանք լռեցին։ Արդեն ուշ գիշեր էր։ Սպասավորր հավաքում էր հյուրանոցի աթոռները։ Նրանք վեր կացան և դուրս եկան։