Երբեմն Դիմաքսյանը փողոցում տեսնում էր Բարաթյանին Գայանեի հետ թև թևի տված զբոսնելիս։ Նա միշտ ճանապարհը փոխում էր, որ երես առ երես չհանդիպի նրանց։ Դա արդեն ավելի էր, քան թե հասարակ նախանձը։ Դա զուտ տանջանք էր։ Տառապում էին նրա սրտի բոլոր թելերը, և տառապանքի պատճառը դարձյալ նա էր, այն օձը։ Երջանիկ Մսերյան, ի՞նչպես կարողանա սպանել վիշապին, երբ քաջություն չունե հանդիպել անգամ մի ուրիշի երջանկությանը, որ յուր ապերջանիկ լինելն է ցույց տալիս։
Այդ օրերը նա յուր հիշատակարանի մեջ մտցրեց հետևյալ տողերը.
«Եթե բնությունը իմ այս փոքրիկ մարմնի մեջ դրած լիներ մի փոքրիկ և սառն սիրտ, միթե ավելի բախտավոր չէի լինիլ։ Ինչո՞ւ այսքան զգայուն եմ, ինչո՞ւ սիրտս լիքն է անզուսպ կրքերով, ո՛չ խոլական կրքերով, այլ սիրելու և ատելու բուռն ավյունով»...
Նա փորձում էր յուր վիշտը մոռանալ գործերի մեջ խորասուզվելով։ Դպրոցում սկսվել էին հարցաքննությունները։ Առայժմ գոնե առերես պաշտոնակիցները հաշտ էին նրա հետ։ Մի անգամ միայն նա չկարողացավ իրան զսպել, երբ տեսուչը մի աշակերտի անվանեց «արջի զավակ»։ Բայց վեճը սուր կերպարանք չստացավ։ Գործերի դրությունը շատ խառն էր. արձակուրդների ժամանակը մոտենում էր, հակառակորդները չկամեցան բաժանվել։
Քննությունները նոր էին վերջացել, երբ Դիմաքսյանը մի օր հեռագիր ստացավ, թե հայրը հիվանդ է և անհապաղ պահանջում է նրան։ Որքան էլ անհաշտ լիներ, սակայն դժգոհությունը նրա մեջ տեղի տվեց որդիական զգացմանը: Նա շտապեց ուղևորվել հայրենիք, որ երկու օրվա հեռավորություն ուներ Թիֆլիսից։ Ճանապարհին նա կարծում էր ծերունին արդեն մեռել է։ Խղճի խայթոցը տանջում էր նրան. ինչո՞ւ որդիական սերը մոռացավ ծերունու կամակորության պատճառով։ Սակայն քանի մոտենում էր հայրենի քաղաքին, այնքան խայթոցը մեղմանում էր։ Մի՞թե նա չէր սիրել հորը։ Ո՛չ, նա միայն յուր աշխարհայացքը չկամեցավ