Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայտնվեց որ, իրավ, ծերունին դեմ է եղել որդու գալստյանը։ Արսենին, հորից գաղտնի հեռագրած է եղել նրա մեծ քույրը։ Հիվանդը չէր կամեցել տեսնվել յուր միակ որդու հետ։ Նա չկատարեց յուր հոր կամքը, արհամարհեց նրան, ուսումը ավարտելուց հետո անգամ չեկավ ներում խնդրելու։ Նա վիրավորում է յուր ծնողին, ամեն ամիս երեսին շպրտելով նրանից ստացած նպաստը։ Թո՜ղ ուրեմն ինքն էլ արհամարհված և մոռացված մնա։

— Կարելի է մտածում էիր, շատ եմ կարոտել կերպարանքիդ։ Չէ՛, ես որդի չունեմ, ինչո՞ւ պիտի կարոտեի։ Քույրերդ էլ կարծում են աչքս ճանապարհին է, հա՛, հա՛, հա՛, շաբաթը երկու անգամ գալիս են իրանց լակոտների հետ... էէ՛է ես շատ լավ եմ ճանաչում ձեզ, հիմար չեմ, խելքս գլխիս դրուստ է։ Դուք անհամբեր սպասում եք իմ մեռնելուն. ասում եք, կսատկի պառավը, կգնանք ունեցած-չունեցածը կճանկենք, տակով կանենք։ Շատ եք վռազում, բայց սխալվում եք, աստուծո կարող զորությունով Մարգար աղան ձեր խաթրու չի մեռնիլ:

Արսենի ինքնասիրությունը ստիպված էր դիմանալ այդ զրպարտությանը, որովհետև որդին չէր կամենում հիվանդ հորը ավելի գրգռել։ Նա լուռ լսում էր, նայելով մերթ սենյակի աններկ ու մաշված հատակին, մերթ սարդի ոստայնով ծածկված առաստաղին։

Ծերունին բարձի տակից հանեց կոտլետի չափ մի արծաթյա հնադարյան ժամացույց, նայեց և դարձավ շիկահերին.

— Այն զահրումարը տուր տեսնենք։

Շիկահերը վերցրեց լուսամուտի հատակի վրայից կարմիր հեղուկով լի սրվակը, մի գդալ լցրեց, տվեց նրան։

— Իմ տունը քանդվեց այն օրը,— շարունակեց ծերունին, գույնզգույն թաշկինակով սրբելով թանձր ընչացքը,— երբ մայրդ մեռավ։ Տասն ու հինգ տարի է ես մենակ եմ այս չորս պատերի մեջ։ Ի՞նչ են զավակները, տանջանք։ Մարդուս բարեկամը նրա կնիկն է. «և թողյալ զհայր և զմայր յուր՝ երթիցե զհետ կնոջ յուրո»։ Որդի ունեմ, եկել է հոր սիրտը