Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մխիթարելու, հա՛, հա՛, հա՛, փողի պետք ունե, եկել է ինձ կողոպտելու...

— Հա՜յր, — արտասանեց որդին խեղդված ձայնով, — մի վիրավորեք ինձ։

— Խոսո՞ւմ ես, խոսում, — գոչեց ծերունին, ավելի գրգռվելով, — բաս ո՞ւմ գլխին թափեմ սրտիս լեղին։ Փա՛հ, կարծում ես, չեմ լսել։ Լսել եմ, ինչպես չէ, անունս աշխարհի երեսին փառավորում ես, ասում են, գրում ես սրա ու նրա վրա։ Մարդիկ հորդ են անիծում, շատ լավ է, ինչ ասեմ, մեռնելուցս հետո էլ գերեզմանս կքրքրեն։ Շնորհակալ եմ քեզանից, աստված, լա՛վ որդի տվեցիր ինձ...

Նրա հազը բռնեց։ Նա թաշկինակը փնտրեց և, շուտ չգտնվելով, բարձրաձայն գոռաց, հայհոյեց շիկահեր մարդուն։ Մի քիչ անցած, նա հանդարտվեց։

— Այ, այստեղ էր, — շարունակեց նա, — հենց այս քանդված սենյակում։ Հանգուցյալը դրել էր քեզ թևերի վրա, մտիկ էր անում, ուրախանում։ Դու ծվծվում էիր խոզի ճտի պես։ Մոտեցա, մտիկ արեցի աչքերիդ, սիրտս թրխկաց, հասկացա։ Ասացի. «Հերիքնազ, դու ինձ համար որդի չես ծնել, պատիժ, պատիժ»։ Կատարվեց խոսքս։ Խե՛ղճ կնիկ, լավ է, որ կենդանի չես, հըմ, ի՜նչ կուրախանայիր դրան տեսնելով, այս այս այս... գնա՛, չեմ ուզում, ես որդի չունեմ, կորի՛ր եկած ճանապարհովդ...

Նա շտապով պառկեց, վերմակը քաշեց գլխին և երեսը դարձրեց պատին։ Շիկահերը անդադար հառաչում էր։


XIII


Չնայելով հոր անհյուրընկալ ընդունելությանը, Դիմաքսյանը մտադրվեց մի առժամանակ մնալ հայրենի քաղաքում։ Նրա քույրերը վաղուց կարոտել էին իրենց միակ եղբորը, պետք էր գոնե նրանց թախանձանքը հարգել։

Մարգար աղան, յուր աղջկերանց հետ էլ սառն էր։ Մենակեցությունը օրեցօր այդ մարդու մեջ ամրացրել էր մե անգամ հղացած կասկածը։ Հնար չկար նրան համոզելու, թե յուր զավակների սերը շահախնդրությունից չի առաջանում։