Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա ինքն երբեք չէր այցելում աղջկերանց և չէր ուզում, որ նրանք էլ իրան այցելեն։ Ապրում էր վեց ընդարձակ սենյակներից բաղկացած հայրական տնում, ինչպես երդվյալ ճգնավոր։ Հնաշեն տան լուսամուտները դեպի փողոց միշտ փակ էին, և ոչ ոք չէր կարող կարծել, թե այնտեղ ապրում է կենդանի էակ։ Նա պահում էր մի ծառա, որ թե՛ այգեպան էր, թե՛ խոհարար և թե՛ սպասավոր։ Բացի այդ բազմապաշտոն ծառայից, նրա մոտ մուտք ուներ այն շիկահերը, որին Արսենը տեսավ։ Դա ծերունու հեռավոր ազգականներից էր — վերին աստիճանի հլու, կամակատար և շողոքորթ մի էակ։

Սարիբեկը — այսպես էր նրա անունը — կատարում էր Մարգար աղայի կառավարիչ-հավատարմատարի պաշտոնը։ Նրա ձեռքով էին ստացվում գյուղացիներից կալվածների հարկը և քաղաքացիներից խանութների ու տների վարձը։ Նա էր վաճառում այգիների բերքերը, հավաքում ջրաղացների եկամուտը և այլն։

Արսենը կողմնակի ծանոթացավ գործերի դրությանը և տեսավ, որ հոր ձեռքը հազիվ անցնում է այն եկամտի կեսը, որ պետք է նրա հաշվով ստացվեր։ Մնացյալը ճանապարհին աղի պես հալվում էր Սարիբեկի խոնավ ձեռքերում։

Գյուղացիները աղի արցունք էին թափում այդ մարդրւ անունը հիշելիս։ Երբեմն խմբերով գալիս էին գաղտնի կերպով Արսենի մոտ և գանգատվում։ Երիտասարդը լսում էր նրանց աղերսանքը և վրդովվում։ Երբեք նա չէր երևակայել, թե յուր հայրը անգիտակցաբար հարստահարիչի դեր է կատարում։

Նա կամենում էր ամեն բան հայտնել ծերունան, համոզել նրան, որ խիստ հաշիվ պահանջի կառավարչից։ Բայց դրա համար հարկավոր էր, որ առաջ ինքը գրավեր նրա հավատարմությունը։ Ահա ինչու նա տատանվում էր, վախենալով մի գուցե յուր միջամտութունը ավելի վատ հետևանք ունենա գյուղացիների համար։

Իսկ ծերունին շարունակում էր նրա հետ վարվել առաջվա պես ցուրտ և անհաշտ։ Թվում էր, որ ոչինչ չի կարող հոր և որդու մեջ բացված վիհը լեցնել։