Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հեգնելով որդու բառերը, ծերուին աթոռը ուղղեց և, երկու ձեռները հենելով ձեռնափայտի կոթին, ավելացրեց.

— Ձեր հրամանքը ճանաչո՞ւմ է այդ ավանակներին։

— Չգիտեմ, միայն այսքանն եմ իմանում, որ Սարիբեկը ձեր անունը արատավորում է։

— Լեզուդ փո՛րդ քաշիր, հայվարա, — գոռաց համառ ծերունին, ձեռնափայտը այնպես ուժգին զարկելով, որ նրա սուր ծայրը մի մատնաչափ անցավ հատակի մեջ,— իմ անունը աշխարհիս երեսին մեկ մարդ է խայտառակ անում, դո՛ւ, դու, իմ հարազատ որդի։ Սարիբեկը ազնիվ մարդ է, նա իմ հրամանով քնում է, իմ հրամանով զարթնում, իմ հրամանով ուտում, իմ հրամանով խոսում...

Նա մի փոքր լռեց, եղանակը փոխեց և, ձայնին ծաղրական տոն տալով, ավելացրեց.

— Ամոթ չլինի հարցնելը, հրամանքդ ինչո՞ւ է խառնվում պառավ Մարգարի գործերին։ Նա հին մարդ է, գյուղացի է, անուս, դու խոմ փիլիսոփա ես, քինթ ու պռունգիցդ իմաստություն է թափվում։

— Ես ինձ համար չեմ հոգում, այլ ձեր անվան և ձեր շահերի համար։

— Գնա բանի՛դ, չեմ ուզում... հարա՜յ, բիդա՛դ, ջանըմ, չեմ ուզում էլի, խոմ գլխիս քեզ սուդիա չսարքեցի՛ն, փիե՞...

Նա վեր կացավ տեղից և բարկացած մտավ յուր սենյակը դռները ուժգին զարկելով։ Այնուհետև Արսենը այլևս չէր խոսում նրա հետ գործերի մասին և առհասարակ հոր և որդու մեջ մի առանձին խոսակցություն տեղի չէր ունենում։ Սակայն մի օր նա վերջին անգամ փորձեց իմանալ, արդյոք հայրը իսկապես ո՞րքան եկամուտ է ստանում յուր կալվածներից։ Ծերունին նույն անփոփոխ կոպտությամբ և հակիրճ պատասխանեց.

«Ես դեռ չեմ մեռնելու, տանջվի՛ր»։

Հարկավ, այլևս ամեն մի նոր փորձ պետք է անաջող անցներ։ Մնում էր բոլորովին լռել, և Արսենը բոլորովին լռեց։ Այժմ նրա համար ձանձրալի էր ապրել սառնասիրտ հոր ցուրտ, անհյուրընկալ տանը։ Նա ձգտում էր հեռանալ