Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայրական հարկի տակից, ուր մի ժամանակ այնքան փայփայվել ու շոյշոյվել էր սիրող մոր ձեռքում։ Բարի՛ կին, երբեք դու քո որդուն չվիրավորեցիր մի դառն խոսքով։ Քո մայրական զգայուն սիրտը մորմոքվում էր, երբ տեսնում էիր, թե ինչպես ծաղրվում է քո միակ արու զավակը նույնիսկ յուր հարազատ հորից։ Դժբախտ էիր դու այդ մարդու հետ և քո հրեշտակային լուռ ու համբերատար բնավորությունը միայն դիմանում էր այդ ինքակամի կենակցությանը։ Դու անմռունչ հանդուրժում էիր նրա համառ կամքին և միայն քո երկնային անզուգական հեզությունով կարողանում էիր հաղթել մարմարյա սիրտը։ Ահա ինչու հարազատ զավակների համար սառած մարդու ժանգ հոգին ջերմություն է զգում քեզ հիշելիս, քո ուրվականը մտաբերելիս։ Բայց արդյոք այդ անհաղթելի կամքի ցրտությունը չէ՞ր, որ այնքան վաղ քեզ իջեցրեց գերեզման...

Արսենը տխրում էր անգործության մեջ։ Քույրերի սերը միայն փարատում էր նրա թախիծը։ Եվ օրվա մեծ մասը նա նրանց մոտ էր անցկացնում, շատ անգամ էլ այնտեղ էր ճաշում և ընթրում։ Քաղաքում մեծ հետաքրքրություն էր շարժել նրա գալը։ Հասարակությունը խոսում էր ժառանգության մասին, ամենքը նախանձում էին նրան: Մարգար աղայի հարստության մասին գրեթե առասպելական լուրեր էին պտտում։ Պատմում էին, թե նա յուր տան ներքնահարկում դիզած ունե պապերի հավաքած ոսկիները խաների ժամանակից։ Ոմանք պնդում էին մինչև անգամ, թե ծերունին գիշերները այդ ոսկիների տոպրակների վրա է քնում, չխնայելով յուր ոսկորները։ Իսկ տեղական երիտասարդները, մանավանդ ուսուցիչները, ավելի հետաքրքրված էին Արսենի անձնավորությունով։ Շատերը գալիս էին նրա հետ ծանոթանալու։ Նա ընդունում էր նրանց յուր քույրերի տանը, չկամենալով զայրացնել հորը, որ թշնամի էր ամեն մի այցելության, ևս առավել երիտասարդների։ Նրա քարոզած գաղափարները կազմել էին մի որոշ բանակ։ Ուներ նաև հակառակորդներ, որոնք սակայն չէին մոտենում նրան։ Կային և այնպիսիները, որ պարծենում էին իրանց հայրենակցի անունով։

Դա մի ախորժելի և անսպասելի նորություն էր Դիմաքսյանի