Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վա՞տ ընկերներ են։ Ոչ, ոչ, ավելի հավատարիմ, ավելի ուրախալի հասարակություն դժվար է գտնել։ Լինել միշտ բարձր խելքերի, հանճարների, հոգեբան-փիլիսոփաների, սրամիտ սրտագետների ընտիր ընկերության մեջ, մի՞թե այդ երջանկություն չէ։ Իսկ Արսենը չի կարող բավականանալ այդ հասարակությունով։ Նա Մսերյան չէ և չպիտի լինի։ Նա գործի մարդ է, ծնված է մի տգետ ժողովրդի խավար միտքը լուսավորելու, ծնված է կռվելու, հաղթելու և հաղթվելու համար։ Թող գնա՛ յուր ընտրած ճանապարհով, տեսնում է որքան արձագանք է գտնում յուր խոսքը մարդկանց սրտում։

— Օ՜ն առաջ, քաջ եղիր, — ավարտեց Մսերյանը ուրախ տոնով, — դու մտքի զինվոր ես, ես գրքերի կենդանի պահարան։

Թեյ խմելուց հետո նրանք դուրս եկան զբոսնելու։ Մսերյանր տեղեկություններ հաղորդեց ընկերների մասին։ Բժիշկ Սալամբեկյանը մելամաղձոտ դեմքով ման է գալիս, միշտ կրկնելով, թե աշխարհը դատարկ բան է։ Վեքիլյանը և Բարաթյանր մտադիր են քաղաքային Դումայի առաջին ընտրություններին իրանց քվետուփը դնել և այժմվանից ձայներ են գրավում։ Պյոտր Սոլոմոնիչ Բախտամովը նրանց համար աշխատում է։

— Կընտրվեն, կտեսնես, այդ մարդկանց ամեն բան հաջողվում է։

Հանկարծ Մսերյանը, ճակատին խփելով, գոչեց.

— Այ հիմար հիշողությո՜ւն։

— Ի՞նչ կա։

— Ամենագլխավորը մոռացա ասել։ Քեզ ուզում են Ներսեսյան դպրոցի տեսուչ նշանակել։

— Ի՞նձ։

— Այո՛, քեզ։

— Այդ անհավատալի է։

— Իսկ ես մեր լրագրերի լեզվով կասեմ «ստույգ աղբյուրներից տեղեկացանք», որ...

— Որ հոգաբարձությունը Արսեն Դիմաքսյանին ատելով ատում է։