Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Սխալվում ես, քո գնալուց հետո քամին ուրիշ կողմից է փչում։

Նա պատմեց, թե դպրոցի շինության խնդիրը կռվածաղիկ է դարձել։ Ավելի առաջադեմները պահանջում են, որ դպրոցը փոխվի մի ուրիշ տուն, իսկ հնամոլները վախենում են ավելորդ ծախսերից։ Կռիվը այստեղից է սկսվել, բայց նա ուրիշ պատճառներ ունի։ Մի առևտրական-հոգաբարձվի մուրհակը չեն զեղչել բանկում, նա թշնամացել է բանկիր հոգաբարձվի հետ։ Մի փաստաբան-հոգաբարձու դատարանում պաշտպանում է մի կալվածատեր-հոգաբարձվի հակառակորդին, նրանք թշնամացել են։

Դպրոցը դարձել է հասարակական բաղնիք, մարդիկ իրանց կեղտոտ շորերը այնտեղ են լվանում։ Բանից դուրս է գալիս, որ այդ տեսուչ Համքարյանը եզվիտ է։ Դպրոցի շինության խնդիրը ինքը չի զարթեցրել, աշխատում է գործը քանդել։ Նրա դեմ կազմվել է մի կուսակցություն, որ ուզում է հեռացնել նրան դպրոցից։

— Շատ ուրախ եմ. նա ի՞նչ մանկավարժ է, որ վաշխառությունով է պարապվում։

— Համքարյա՞նը, մի՞թե, — հարցրեց Դիմաքսյանը զարմացած։

— Այո, դու չգիտեի՞ր, երևակայիր, քսանուհինգ հազար ռուբլի դրամագլուխ ունի, տասնուհինգ տոկոսով տալիս է սրան ու նրան, նույնիսկ ուսուցիչներին։ Այս էլ ստույգ աղբյուրներից տեղեկացանք։

Երկու օր անցած Դիմաքսյանը հրավիրվեց այն հոգաբարձվի մոտ, որ սկզբում աշխատել էր նրա համար դպրոցում տեղ բանալ։ Նա հայտնեց հոգաբարձության նախընթաց երեկո կայացրած վճիռը և ավելացրեց, թե իսկապես ինքն է Համքարյանին «վռնդելու» սկզբնապատճառը։

— Եղբայր, քանի տարի էր չէինք կարողանում այդ մարդուց ազատվել: Սյուլյուկի պես կպել էր դպրոցին ու ծծում էր, և ինչ ախտ ասես մտցրել է այնտեղ, ինչ ինտրիգներ ասես, հնարում էր։ Ճշմարիտն ասեմ, եթե մենք մի քիչ ձեզ հետ վատ էինք, պատճառը նա էր, հազար ու