Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վտանգավոր ակնարկություններ էին անում, որոնց դեմ նա դժվարանում էր պատասխանել։ Դա վերաբերվում էր նրա քաղաքական հայացքներին...

Մի առավոտ նա, սովորության համեմատ, կանուխ զարթնելով, կամեցավ պարապվել մինչև դպրոց գնալը։ Բայց զգաց մի թեթև տկարություն և թույլ գլխացավ։ Նա չկարողացավ պարապվել։ Առհասարակ վերջին օրերը առողջ չէր զգում իրան, բայց ուշադրություն չէր դարձնում։ Նա հագուստով պառկեց անկողին հանգստանալու, թեև նոր էր վեր կացել։

Սիրականը սամովարի և կոշիկների հետ ներս բերեց այն օրվա լրագիրները։ Այժմ հակառակորդները Դիմաքսյանի դեմ գրում էին գրեթե ամեն օր։ Այս անգամ նրա աչքին ընկավ մի ֆելիետոն։ Նա սկսեց կարդալ։ Դեռ մինչև այժմ նա յուր մասին չէր հանդիպել մի այդպիսի կծու, ծաղրական գրվածի։ Ֆելիետոնի վերնագիրն էր «Ոզնին Լյուտերի քղամիդով»։ Երգիծական ոճով պատկերացրած էր մի «հերոս», սնափառության զգացումներով լի։ Կերպարանքը նկարագրված էր ճիշտ այնպես, ինչպես Դիմաքսյանն էր, ֆոտոգրաֆիական բոլոր մանրամասներով։ Որքան ծաղր և հեգնություն կար այդ նկարագրի մեջ, որքան օձային սողոսկումներ դեպի «հերոսի» հոգեկան աշխարհը։ «Ոզնին» մտնում է դպրոց, «ոզնին» մտնում է ըտանիքների, հասարակական բոլոր հիմնարկությունների, բոլոր խավերի մեջ։ Ամեն տեղ նա ոգևորված նոր մտքեր է քարոզում։ «Մկները դուրս են գալիս բներից ականջ դնելու և իրանց պոչերը շարժում են նրա առջև»։ Մի օր «ոզնին» ֆրակ է հագնում, սպիտակ փողկապ կապում, գնում է մի գեղեցիկ և հարուստ օրիորդի ձեռը խնդրելու։ Նա արտասուքը աչքերին թավալվում է բազկաթոռից օրիորդի ոտերի տակ, անշնորհ կերպով յուր փշերով ծակոտում է ձեռները, նրա հորեղբայրը գալիս է և կոշկի ծայրով «ոզնիին» դուրս շպրտում։

«Կանայք և օրիորդներ, ծերեր և երիտասարդներ, զգույշ կացեք ոզնիից, նա ձեր մեջ է պտտում»։ Նա շպրտեց լրագիրը մի կողմ և ոտքի կանգնեց։