Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա կամեցավ ծիծաղել, արհամարհել, բայց օձը կատաղել էր։ Ո՛չ, թող Մսերյանը անտարբեր մնա յուր փիլիսոփայական հայացքների մեջ, իսկ նա չի կարող սառնարյուն կրել այդ ստոր հարվածները։ Ի՞նչ պատասխանել, հարվածը ո՞ր կողմից ուղղել, որ խոցոտի, վիրավորի, թավալագլոր անե հակառակորդին։

«Հալածել մարդուն նրա համար, որ նա հանդգնում է յուր գլուխը ձեր ստոր մակերևույթից բարձրացնե՞լ, հալածել նրան տմարդի զենքո՞վ։ Այդպես, ուրեմն, դուք ինքներդ ձեր ձեռքով հանում եք այն խցանը, որ հազիվ զսպում էր իմ մեջ կուտված թույնը։ Աա՛, սպասեցեք և կտեսնեք ո՛րքան խորը կցցվեն ոզնիի ասեղները հասարակության խոցերի մեջ, որ նրանց միջից դուրս հանեն վարակիչ թարախը»։

Նա արագ-արագ անցուդարձ էր անում սենյակում։ Նրա երեսին գույն չկար, նա դողում էր ամբողջ մարմնով։ Նա փորձեց հարվածին պատասխանել իսկույն, սակայն ձեռը չհնազանդվեց կամքին։ Նա շտապով դուրս եկավ տնից։ Նա ցանկանում էր հանդիպել մեկին, բերանացի արտահայտել սրտի մաղձը։ Նա քայլերն ուղղեց դեպի Մսերյանի բնակարանը։ Առավոտյան դեռ ութ ժամն էր։ Փողոցներով անցնում էին միայն խոհարարներ, բանվորներ և սայլեր։ Երկինքը ամպամած էր, գիշերը մինչև լույս անձրևել էր։ Թեթև աշնանային քամին թոթափում էր ծառերի դեղնած տերևները և զարդարում ցեխոտ մայթերը։

Նա այնքան հուզված դուրս եկավ տնից, որ մոռացավ վերարկուն և կալոշները հագնել։ Նա զգաց ոտների վրա խոնավության ազդեցությունը։ Բայց չկամեցավ տուն վերադառնալ։ Նա կառք փնտրեց, չգտավ։ Այնինչ Մսերյանը ապրում էր Քուռ գետի մյուս ափում, մի խոր փողոցի անկյունում։

Դիմաքսյանը անցնում էր կամրջով։ Հանկարծ հեռվից նա տեսավ մի կառք, ապա երկրորդը, երրորդը և մի շարք միմյանց հետևից, որ դուրս էին գալիս փողոցի ծայրից։ Նա կանգ առավ։ Երևի, կառքերից մեկը դատարկ կլինի, պետք է սպասել: Մի րոպեում առաջին կառքը հավասարվեց նրան։ Դա մի ծածկած կարեթ էր։ Երկու սպիտակ նժույգներ ամպի