Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Դարձյալ բայց. — գոչեց երիտասարդը մի քիչ հուզված,— և երբեք չես ուզում հայտնել ինձ այդ պատճառը։

Այս ասելով, նա դժկամակությամբ նայեց քրոջը: Վերջինը լուռ էր:

— Չլինի թե,— շարունակեց երիտասարդը. ձայնը դարձյալ մեղմացնելով,— չլինի թե արդեն այնքան գրավել է քեզ նա, որ չես ուզում հեռանալ ն ր ա ն ի ց...

— Ռուբե՜ն,— արտասանեց օրիորդը խորին հանդիմանությամբ,— այդպիսի կատակ մի՛ անիլ հետս, նա... նա... չէ պատճառը, և չի էլ կարող չինել... Իմ պատճառը ավելի ծանր է, քան կարծում ես...

— Ի՛նչ է ուրեմն,— գոչեց Ռուբենը, աչքերը սևեռելով քրոջ երեսին։

Օրիորդը մի քանի վայրկյան լռելուց հետո, կրկին հառաչեց։

— Թողնենք այդ խոսակցությունը,— ասաց նա:— Ահա հասնում ենք տուն։ Աշխատի՜ր ուրախ հանդիպել մեր ազգականներին: Դե՛հ, դարձյալ թթվացրի՞ր աչքունքդ, դրա համա՞ր ես ուզում ինձ հետդ արտասահման տանել, որ միշտ տխրես, շնորհակալ եմ։

Ասաց օրիորդը և, վիրավորված ձևանալով, երեսը դարձրեց մի կողմ։

Կառքը Քուռ գետի աջ կողմի քաղաքամասը անցնելով, մտել էր արդեն կենտրոնական փողոցները։

Քույր և եղբայր լուռ էին։ Ռուբենը մի ծխախոտ վառեց և սկսեց ծխել, անորոշ հայացքով նայելով յուր երկար կոշիկների ծայրերին: Իսկ քույրը, փունջը ծնկների վրա դրած, մտիկ էր անում աջ ու ձախ տներին, որ միմյանց հետևից անցնում էին։ Ընդամենը երեք ու կես ամիս բացակա էր եղել Թիֆլիսից, և այժմ ամեն ինչ նրան փոխված էր երևում, թե՛ փողոցներն ու տները և թե՛ անցուդարձող մարդիկ: Նա, աշխատելով հաղթել յուր մեջ ծագած րոպեական թախիծը, աչքերով որոնում ՝էր ծանոթ դեմքեր։ Մինչդեռ եղբայրը գաղտուկ նայելով քրոջ կիսադեմքին, նկատեց նրա պայծառ ճակատի վրա այն տխուր ամպը, որ երբեմն հայտնվում էր, երբ նա փորձում էր խոսք բանալ իրանց դրության մասին։