Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կառքը կանգնեց երեքհարկանի նորաշեն, մոխրագույն ներկած մաքուր տան աոաջ:

— Այս րոպեին ես կհամբուրեմ իմ սիրելի Լիզային ու Գաբոյին,— գոչեց օրիորդը և աշխույժ կերպով վայր ցատկեց կառքից։

Մինչ Ռուբենը կառապանի վարձը կտար ու իրեղեններր ցած կբերեր, նա փունջը ձեռին արագությամբ բարձրացավ երկրորդ հարկը: Մարմարոնյա լայն և փայլուն սանդուղքի վերևում օրիորդին դիմավորեց մի ութ տարեկան աղջիկ սև աչքունքով: Օրիորդը գրկեց նրան, համբուրեց մի քանի անգամ և, թևից բռնելով, շտապեց առաջ։

— Օրիորդ, եկա՞ք, վերջապես,— գոչեց դեմուդեմ վազելով, ռուս աղախինը, և ուրախ-ուրախ բարևեց։

Նախագավթում օրիորդի առաջը վազեց մի տասը տարեկան պատանի գիմնազիական համազգեստով։ Օրիորդը նրան էլ գրկեց, համբուրեց և տարավ ներս:

Մի քառակուսի, մաքուր պարկետով, գեղեցիկ ոսկենկար պաստառով զարդարված բավական մեծ սենյակի մեջտեղում, կոլորակ սեղանի շուրջը նստած թեյ էին խմում Նիկողայոս Սադափյանը, յուր կինը— տիկին Սոփիոն և աղջիկը— օրիորդ Նատալիան:

— Մարիա՜մ,— զոչեցին միաբերան վերջին երկուսը մի տեսակ անբնական ուրախությամբ։

Մարիամը հերթով փաթաթվեց կանանց պարանոցին և մի քանի անգամ ջերմաջերմ համբուրեց նրանց, մանավանդ Նատալիային:

— Հանդա՛րտ, մազերս քրքրեցիր,— ասաց Նատալիան, գլուխը հետ դարձնելով։

Մարիամը սեղմեց հորեղբոր ձեռը։ Հարց հարցի հետևից նա առաջարկում էր մերթ մեկին, մերթ մյուսին։ Կարծես, նա տարիներով չէր տեսել յուր ազգականներին, այնքան անկեղծ էր նրա ուրախությունը։

Ներս մտավ եղբայրը և տեսարանը մի քիչ փոխվեց։ Նա հանդարտ մոտեցավ, սառն և քաղաքավարի բարևեց։ Բոլորը առողջ էին։ Միայն օրիորդ Նատալիան հայտնեց, հառաչելով, թե գլուխը սաստիկ ցավում է։