Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ի՛նչ ուշ է անց կենում գիշերը։ Լա՛վ, գնա՛ գործիդ, Սիրական, հոգնած ես, պառկիր քնիր։

— Ես հոգնած չեմ, աղա, գործ էլ չունեմ, խանումին կերակուր տվեցի, պրծա։

— Այն շիշերը և ժամացույցը դիր այս սեղանի վրա։

Սիրականը իսկույն կատարեց նրա հրամանը և, ձեռները փորի վրա դարսած, մնաց կանգնած։

— Ուզում ես ինձ մոտ մնալ, որ ծառայե՞ս։

— Հրամերեք, աղա։

— Հարկավոր չես, ես ուզում եմ մենակ մնալ։ Գնա, բայց դռները ամուր կողպիր, որ քամին չբաց անի։

Սիրականը ակամա դուրս գնաց։ Հիվանդը մնաց մենակ։

Արդարև, այժմ նա ավելի հանգիստ էր։ Իսկապես յուր տկարությանը ոչինչ նշանակություն չէր տալիս։ Զարմանում էր անգամ Մսերյանի անհանգստանալու վրա։ Մարմնին տիրած տաքությունը մի առանձին ախորժություն էր պատճառում նրան։ Թվում էր նրան, թե կաշվի տակ մի թմրեցուցիչ և հաճոյական հեղուկ են սրսկել։ Նրա քունը չէր տանում, միայն աչքերը փակած անձնատուր էր եղել ֆիզիկական դուրեկան անդորրությանը, որ նմանվում էր հաշիշի կամ ափիոնի ազդեցության։ Նրա մտքով անցնում էին օրվա դեպքերը։ Առավոտյան նա զարթնեց, ճշմարիտ է մի թեթև գլխացավով, բայց հանգիստ և խաղաղ հոգով։ Այդ ժամանակ նա մոռացել էր յուր թշնամիներին, ուզում էր պարապվել, թեև տկար էր։ Եվ հանկարծ դարձյալ զարթեցրին նրա սրտում թունավոր օձը, դարձյալ տակնուվրա արեցին նրա արյունը։ Բայց արժե՞ր արդյոք վրդովվել մարդկանց տմարդի վարմունքից, միթե չէ՞ր կարելի սառնասիրտ արհամարհանքով վերաբերվել ստոր լուտանքներին։ Ինչո՞ւ նա այնպես բռնկվեց, ինչպես մի դյուրաբորբոք հեղանյութ։

«Արդյոք ե՞րբ, վերջապես, կչափավորվի իմ զգայությունը»։

«Երբե՛ք, երբե՛ք», պատասխանեց նրան մի ուրիշ ներքին ձայն։

«Ինչո՞ւ»: