Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Որովհետև դու աննորմալ մարդ ես, Բարաթյանը ճիշտ է ասել և ճիշտ են ասում մյուսները»։

Աա՛, այդ Բարաթյա՛նը, այսօրվա այն չարագուշակ հանդե՛սը, նրա հաղթական ժպիտը, դեմքի երջանիկ արտահայտությո՛ւնը։

Ո՞ւր է նա այժմ։ Երկաթուղու գնացքը ամբողջ օրը բախտավոր զույգին սլացրել է կայարանից կայարան։ Ահա՛ նրանք, ահա նա մի ձեռքով Գայանեին գրկած, մյուսով շոյշոյում է նրա գանգուր բաց գույնի մազերը։ Իսկ Գայանեն գլուխը մեղմիկ թեքած է նրա ուսին և յուր կապուտակ կրակոտ աչքերով ցածից վեր նայում է նրա երեսին։

«Ցածից վեր, այո՛, եթե ես լինեի, պետք է վերևից ցած նայեր ինձ»։

Նրանք կանգնած են վագոնի փոքրիկ պատուհանի առջև, իհարկե, առանձին կուպեում, և դիտում են աշնանային լռության հրաշալիքները։ Տեսարանները փոխվում են գեղեցիկ կալեյդոսկոպի արագությամբ։ Նրանց աչքի առաջով անցնում են գյուղական աղքատիկ խրճիթները, այս ու այնտեղ ցրված, դեղնած դաշտերը, սիրուն ձորերը և շքեղ հովիտները։ Պղտոր Քուռը այնտեղ պարզ է, փայլուն և գրավիչ։ Նա ժպտում է բախտավորների երեսին և սիրով ողջունում նրանց միությունը։ Այնինչ նույն գետը այնքան մռայլ, այնքան թշնամաբար էր նայում նրան այսօր առավոտյան։ Նա, կարծես, աշխատում էր գրավել դժբախտին դեպի յուր ցուրտ ծոցը, ուր թաքնված է ժանտ մահը։ Ի՞նչ կլիներ, եթե նա գցեր իրան այնտեղ։ Ոչ ո՛չ, ինչո՞ւ համար, ո՞ւմ համար, արժե՞ր...

Այստեղ հիվանդը զգաց մի նոր սառնություն յուր ոսկորների մեջ։ Երջանիկ զույգը համբուրվում է։ Ա՛խ, այդ սիրային համբույրները, արդյոք ի՞նչ զգացմունք են պատճառում համբուրվողներին։ Արդյոք կարժանանա նա երբևէ, գեթ մի անգամ յուր ամբողջ կյանքի ընթացքում այդպիսի ջերմ համբույրի մի այնպիսի արարածի հետ... Ի՞նչ ասել է փոխադարձ սեր։ Նա ուզում է զգալ, նա կարոտ է, նրա սիրտը պահանջում է մի այդպիսի սեր, վերջապես, իրավունք ունի պահանջելու։