Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շրթունքները լնդերքին կպած։ Աչքերի փոխարեն մթին խորշեր, ականջներ սևացած, պարանոցը ոսկրացած։ Իսկ մարմինը։ Ի՞նչ պստիկ, ինչ զազրելի կերպարանք։ Այո', իրավունք ունի Գայանեն նրան ատելու, նա մարդկային պատկեր չունի, նա հրեշ է, ճիվաղ է...

«Ես հրե՛շ եմ, հրե՛շ եմ, բոլորը ասում են», լսվեց դարձյալ հիվանդի ձայնը։ Եվ նա անկողնից վեր թռավ անբնական արագությամբ, կանգնեց հատակի վրա։ Սեղանի վրա շարունակ վառվում էր կանթեղը։ Դրսում քամի էր, աշնանային սարսափելի քամի, որ ամեհի և սոված գազանի պես լիզում էր դաշտերը։ Դռների և լուսամուտների արանքից նա ներս էր թափանցում, սուլելով ինչպես օձ, բառաչելով որպես մորթվող չորքոտանի։

Հիվանդը կանգնած էր սենյակի մեջտեղում բարակ գիշերային շապիկով, կուրծքը կիսով չափ բաց։ Նրա աչքերի շրջանակները արյունով լի պնակների էին նմանում. լայնացած բիբերը, կարծես, ձգտում էին դուրս գալ իրանց բնից։ Նա ատամները կրճտում էր կատաղի կերպով, գլխի մազերը խճճվել էին և հավաքել գագաթում։ Նա մի բռունցքի մեջ սեղմած էր վերմակի ծայրը, մյուսի մեջ շապկի եզերքը։ Կարծես, նա պատրաստվում էր հարձակվել մի աներևույթ թշնամու վրա։

Նա ոտները ուժգին զարկեց հատակին և գոռաց.

«Վայրենի ժողովուրդ»։

Դա մի սարսափելի, մի խուլ գոռոց էր, արձակված սաստիկ տենդի մեջ գտնվող հիվանդի տանջվող և տառապող կրծքից։

Այդ գիշերային մենավոր լռության մեջ, այդ դատարկ սենյակում նա հիշեցնում էր յուր որջի մեջ բռնված մի վայրի գազանի, որին դրսից պաշարել էին և կամենում էին կենդանի-կենդանի այրել։ Դեմքը կորցրել էր ամեն ինչ, որ մարդկային էր, որ արտահայտում է գիտակցություն և բանականություն, և երևան էր հանել, ինչ-որ գազանային է։

Դռան արանքից ներս սլացող քամին կպչում էր նրա այրվող մարմնին։ Դա էր, որ մի ակնթարթ մեղմացրեց նրա