Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տենդային ցնորքները, թույլ, շատ թույլ կերպով լուսավորեց նրա մթնած գիտակցությունը:

Նա նայեց յուր շռւրջը, բռունցքները բաց արավ, հառաչեց ծանր և երկարատև։ Նա մոտեցավ գրասեղանին, ձեռները հենեց նրա ծայրին և նորից հառաչեց։

Կանթեղի մոտ դրած էին մի մեծ թանաքաման, մի քանի գրքեր և լրագիրներ։ Նա անմիտ հայացքով նայեց նրանց, հետո պատերին, հետո առաստաղին, հետո հատակին, հետո ինքն իրան ոտից մինչև գլուխ։ Եվ երբ գլուխը կրկին բարձրացրեց, նրա հայացքը ընկավ կանթեղի մյուս կողմում դրած փոքրիկ քառանկյունի հայելիին։ Նրան թվաց, որ այդ մի մեծ գավաթ է ջրով լի: Նա վերցրեց երկու ձեռներով և մոտեցրեց շրթունքներին։ Հետո ցած բերեց, նայեց նրան, նայեց երկար ժամանակ։ Դռան արանքից սուլացող քամին մի նոր ցրտություն տարածեց նրա մարմնի վրա։ Ահա նա, այն կերպարանքը, որին ամենքը ծաղրում են։ Ահա այն խորը թաղված աչքերը, երեսի թուխ և կոշտ կաշին, նոսր մորուքը, տգեղ բերանը, լայն սևացած ատամները։ Իսկ հասա՛կը։ Նա հայելին պահեց գլխիվայր, կիսահորիզոնական ձևով և նայեց իրան ոտից մինչև գլուխ։ Ա՛խ, ո՛րքան նա փոքրիկ է, ո՛րքան չնչին։ Ինչո՞ւ նա այդպես է ծնվել, ինչո՞ւ նրա ահագին գլուխը տեղավորված է այդ մի քանի թզաչափ մարմնի վրա։ Ինչո՞ւ նա և ոչ ուրիշը։ Անե՛ծք բնությանը, անեծք նրա օրենքներին, անեծք ամբողջ տիեզերքին, անեծք նրա աներևույթ զորությանը։ Կամ գուցե այդ նրա ծնողների, նրա պապերի և նախահայրերի մեղքն է։ Բայց ինչո՞ւ բնությունը նրան և միմիայն նրան է ընտրել այդ մեղքերի պատիժը կրելու, ինչո՞ւ, ինչո՞ւ...

Նա անթարթ աչքերով շարունակ նայում էր հայելու մեջ։ Եվ նրա կուրծքը ուժգին բաբախում էր, երեսի բոլոր մկանունքները ցնցվում էին։ Սակայն նա դարձյալ նայում էր ինքն իրան։ Կարծես, առաջին անգամն էր տեսնում կամ գուցե ուզում էր վերջին անգամ սիրտը տանջել կամավոր փորձով: Նա հայելին դրել էր սեղանի վրա։ Նա կատաղությունից եղունգներով ճանկռտում էր սեղանի ծածկոցը, բայց էլի նայում էր։ Նա գտնվում էր կիսատենդային և կիսարթուն