Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դռները հանդարտ և կամացուկ բացվեցին։ Ներս մտավ կապույտ շապկով, կուրծքը բաց, ոտաբոբիկ մի արարած, ինչպես գիշերային ոգի, որ գալիս է վհուկի ձայնին։ Բայց ոգին կամ ուրվականը սաստիկ վախեցած էր։ Նա դողում էր ոտքի վրա, նա չգիտեր առաջ գա՞ր, թե՞ դռների մոտ մնար։

Այնքան պղտորված էր հիվանդի միտքը, այնքան մթագնած էին նրա աչքերը, որ նա չճանաչեց ուրվականին:

«Կորի՛ր», կրկնեց նա, ոտքի կանգնելով։

Սիրականը, ձեռները փորի վրա դարսած, մի քանի քայլ առաջ եկավ։

«Ջուր, ջո՛ւր», սիրտս այրվում է։

Ծառան բարձրացրեց կանթեղի լույսը, տվեց հիվանդին մի բաժակ ջուր։

Հետո նա ասաց.

— Աղա, կմրսես, պառկի՛ր։

Հիվանդի թուլացած գլուխը թեքվեց բարձին։ Սիրականը ուղղեց նրա մարմինը և վերմակով ծածկեց։

Անցավ մոտ քառորդ ժամ, և հիվանդը, կարծես, քնեց։ Սիրականը կանգնած էր նրա գլխի մոտ, ինչպես մի խնամող մայր։ Խե՛ղճ մարդ. նա կարծում էր, որ երիտասարդ պարոնը խելագարվել է։ Նա դիտմամբ յուր անկողինը բերել էր սենյակի դռների մոտ և այնտեղ պառկել, որ հիվանդին մոտիկ լինի, հարկավոր եղած ժամանակ նրան օգնություն հասցնելու։

Հազիվ նա նիրհել էր, Դիմաքսյանի տարօրինակ գոռոցները զարթնեցրին նրան։ Նա ամբողջ ժամանակ դռների հետևից հետևել էր նրա արածներին, չհամարձակվելով ներս մտնել։ Այժմ նա ապշած նայում էր հայելու կտորներին, գլուխը շարժում և հիվանդին ձեռով խաչակնքում։

Արդեն լուսաբացին մոտ էր, երբ Սիրականը աթոռի վրա նստած նիրհեց։ Նա սթափվեց այն ժամանակ, երբ ուսի վրա զգաց մի ծանրություն։

Դա Մսերյանի ձեռն էր։

— Գիշերը հանգի՞ստ է քնել։

— Չարչարվել է խեղճը մինչև լույս։

Սիրականը նրան կանչեց մի կողմ և շշնջյունով