Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրության մեջ։ Հանկարծ նա դողդոջուն ձեռներով խլեց հայելին սեղանի վրայից, ավելի ու ավելի մոտեցրեց աչքերին։ Նրա շրթունքները բացվեցին և ատամները դուրս ցցվեցին։ Նա հայելին բարձրացրեց գլխից վեր և բոլոր ուժերով զարկեց սենյակի հատակին։

Ապակին շրջանակից բաժանվեց, փշրտվեց։ Նրա տասնյակ բեկորները ցիրուցան եղան այս ու այն կողմ։ Նույն միջոցին հիվանդի կուրծքը արձակեց մի դառն, երկարատև և կատաղի ծիծաղ։

Բորբոքված աչքերով նա նայում էր հայելու կտորներին, որոնց հնչյունների մեջ զգաց ջախջախված թշնամու վերջին հուսակտուր հառաչանքները։ Կարծես, նա յուր վրեժը լուծեց տալով բնությանը արժանի վարձ նրա անարդարության համար։

Իրավ, այժմ նա ավելի հանգիստ էր երևում, թեև տենդը տակավին չէր անցել։ Հոգնած, շնչասպառ, ծանր հառաչելով նա հետ ու հետ քայլեց և թուլացած նստեց անկողնակալի վրա։ Նրա գլուխը ծանրացել էր, թեքվել կրծքին։ Միտքը դեռ պղտորված էր, նա չէր գործում, այլ վերաստեղծում էր անցյալի տպավորությունները։ Փոքր առ փոքր նա սկսեց սթափվել, բայց դեռ չգիտեր արթո՞ւն է, թե՞ երազում։ Գիտեր միայն, որ ինչ-որ բան է պատահում իրան, մի տարօրինակ, մի չտեսնված բան։

Մի անգամ նա աչքերը վեր բարձրացրեց, և նրա պղտոր հայացքը ընկավ դիմացի դռների ապակու վրա, բայց չնշմարեց մի զարմանալի երևույթ։ Դա երկու ձեռնաչափ դեղնագույն մի բան էր ամուր կպած ապակուն, ինչպես չորացած, դեղնած մեծ տերև։

Երբեմն այդ բանը շարժվում էր, քսվելով ապակուն։ Նույն միջոցին դռների հետևից լսվում էր ինչ-որ շշուկ։ Կարծես, այդ շշուկը հասավ նրա ականջին։ Նա ձեռով շփեց տաքությունից այրվող ճակատը, տրորեց ցամաքած աչքերը...

Դեղնագույն բանը չքացավ, ապակին մթնեց։ Մեկը դրսից դռները շարժում էր։

«Կորե՛ք, կորե՛ք», գոչեց հիվանդը խուլ ձայնով։