հպատակվելով նրա կամքին։ Նա նկատելի կերպով նիհարել էր, աչքերի տակը բավական խորացել էր։ Առհասարակ արտասահմանից նա վերադարձավ շատ փոխված։ Բայց այդ միայն արտաքուստ էր։ Իսկ հոգեպես նա այժմ ավելի բախտավոր էր, երջանիկ ժպիտը չէր հեռանում նրա շրթունքներից։ Այժմ նա պաշտում էր ամուսնուն և կատարելապես համոզված էր, որ ինքն էլ պաշտվում է նրանից։ Չկար նրանց փոխադարձ սիրո և երջանկության վրա ոչ մի արատ, ոչ մի թեթև ստվեր։ Այսպես էր կարծում Գայանեն, և նրա ուրախությունը այնքան մեծ էր, որ նույնիսկ արժանի չէր համարում իրան այդ վիճակին։ Երբեմն նա մինչև անգամ արտասվում էր, հուզվելով բախտի բուռն զգացումներից։ Այդ երջանիկ հուզմունքն էր ազդել նրա առողջության վրա և այնպես նիհարեցրել նրան։ Նա պատրաստ էր ամբողջ օրը, առավոտից մինչև երեկո, առանց ուտել-խմելու, նստել ամուսնու դեմուդեմ, ձեռները նրա ափի մեջ դրած և աչքերը նրա աչքերին հառած։ Պատահում էր, որ նա վախենում էր — միգուցե մի չար զորություն հանկարծ ընդհատի նրանց երջանկությունը։ Չէ՞ որ նրանք մահկանացուներ են և կարող է մեկը կամ մյուսը հիվանդանալ, կամ մի հանկարծակի փորձանքի հանդիպել, կամ մեռնել։ Նա սարսափում էր այդ մտքից։ Պատահում էր և ուրիշ, ավելի հուզիչ բան — Գայանեն կասկածում էր։ Թվում էր նրան, որ հանկարծ յուր Իսակը կարող է դադարել սիրելուց, պաղել և աչքը ուրիշների վրա դարձնել։ Ուստի նա անդադար ստիպում էր նրան կրկնել.
«Սիրում եմ և պիտի հավիտյան սիրեմ»։
Գայանեին չէր հետաքրքրում դրսի կյանքը։ Նա մոռացել էր ամեն բան, և՛ ազգականուհիներին, և՛ ընկերուհիներին, և նույնիսկ կանանց ընկերությունը, որի համար առաջ այնքան աշխատում էր։ Ընկերուհիները զանազան կատակներ էին անում նրա հետ, անգամ ծիծաղում էին նրա վրա։ Բայց նա պատրաստ էր ամեն տեսակ ծաղր ընդունել, միայն նրան հանգիստ թողնեն յուր Իսակի հետ։
Այդ միջոցներին քաղաքային ընտրությունների պայքարը սկսվել էր։ Պյոտր Սոլոմոնիչը արտասովոր շարժման մեջ