Էր։ Կազմվել էր ընդդիմադիր կուսակցություն։ Կամենում էին հին իրավասուներից շատերին հեռացնել, նոր քաղաքագլուխ և վարչության անդամներ ընտրել։
Իրավասուների ցուցակից դուրս էին ձգել Պյոտր Սոլոմոնիչին և Ամբակում Աֆանասևիչին։ Վերջինը համարվում էր քաղաքի ջահերի համար վնասակար, իսկ առաջինը — մի ավելորդ, անօգուտ բան։ Այսպես էլ գրված էր մի տեղական լրագրում. «ավելորդ Բախտամովը»։
Եռանդուն քաղաքացին կատաղել էր։ Ամբողջ օրը նա կլուբում ու փողոցներում բողոքում էր թշնամիների դեմ քարոզելով։
— Քաղաքացիներ, խելքի եկեք, կռո-մռոները եկել են ուրիշ քաղաքներից մեր հացը խլել, ուզում են մեր քաղաքն էլ իրանց ձեռքն առնեն։
Ամբակում Աֆանասևիչը ժողովներ էր կազմում։ Առաջին կարգի ընտրողները նրա մարդիկն էին։ Երկրորդ կարգի մեծ մասը միջին վաճառականներն էին։ Պյոտր Սոլոմոնիչը պտտում էր յուր կալվածները, վաղօրոք բոլոր խանութպանների ականջին շշնջալով ապագա իրավասուների անունները։ Նոյեմբերի կեսին Ամբակում Աֆանասևիչի կուսակցությունը տարավ առաջին հաղթությունը։ Պյոտր Սոլոմոնիչն ընտրվեց միայն մեկ ձայնի առավելությունով։ Դա նրան վշտացրեց, բայց և այնպես ուրախ էր, որ ընտրվեց, որովհետև հույս չուներ ընտրվելու։
— Քանի որ կենդանի ենք, սա մեր ձեռքին կմնա,— պարծենում էր նա, ձեռնափայտը խփելով պրոսպեկտի մայթին, որի մասին նա առաջին և վերջին անգամ Դումայում մի ճառ էր ասել ուղիղ երկու բառից բաղկացած՝ «պետք էր նորոգել»։
Օրը կիրակի էր։ Ընտրության դահլիճը և մյուս սենյակները լցվել էին ընտրողների բազմությամբ։ Շատ հետաքրքիր կանանց շարքում երևում էր և Գայանեն տիկին Բախտամյանի հետ։ Ներքևում տիրում էր անասելի աղմուկ։ Նախագահն անընդհատ զանգահարում էր։ Թանձր մթնոլորտի մեջ երևում էր ճաղատ, սևահեր, շիկահեր, կարմիր և սպիտակ