Ահա այժմ կերևա, թե ինչ ուժ է Բարաթյանը և որքան ճաշակ ու խելք ուներ Գայանեն, որ նրան ընտրեց։
Խուռն բազմությունը ճեղքելով, նրանք դուրս եկան փողոց։
— Ուրա՞խ ես, — հարցրեց Իսակը։
Գայանեն ավելի ամուր կպավ նրա թևին։ Նա խոսք չէր գտնում յուր երջանկությունը արտահայտելու։
— Ուրեմն,— շարունակեց Իսակը,— այսօրվանից ես սկսում եմ հասարակությանը ծառայել։ Այո՛, ծանր պարտականություն հանձն առի, է՛հ, ոչինչ, կաշխատեմ սևերես չմնալ իմ ընտրողների առաջ։ Նորերը հանդես են գալիս և քշում են ասպարեզից հներին։ Կյանքի անիվը պտտվում է, ով խելք ունե, նրա հետևից պետք է ճանկի, որ բարձրանա վերև, որպեսզի նորից գլորվի ցած։ Բախտավորը նա է, որ ժամանակին կաշխատի ինքը իջնել, որ չմնա անիվի տակ և ջախջախվի։ Եթե ճակատագիրը վիճակել է ինձ հաջողությունը, կգրկեմ նրան ուրախ սրտով։ Սիրելի, անգին Գայանե, եղիր իմ օգնականը, թևեր տուր ինձ և ես կսավառնեմ բարձր մինչև այն աստիճան, որ ամբոխը ո՛ր կողմ նայի՝ ինձ և մի՛միայն ինձ տեսնի։ Սիրտս լցված է փառասիրության զգացումով, և ես կամենում եմ միշտ հաղթել, միշտ առաջ գնալ, միշտ փայլել քո և իմ երջանկության համար։
— Իսկ ես այնքան ավելի կհպարտանամ, կպարծենամ քո անունով, որքան նա բարձր կհնչի։ Գիտե՛ս, ես ուզում եմ, որ դու լինես կամ մի հռետոր, կամ մի հայտնի հասարակական գործիչ, մի խոսքով, ես ուզում եմ, որ դու բարձր լինես ամբոխից, որ քեզ հարգեն, պատվեն, սիրեն, ինչպես մի հազվագյուտ մարդու։
— Հասկանում եմ, հասկանում եմ, քո քնքուշ սրտի մեջ էլ հպարտություն և փառասիրություն կա։ Օ՜օ, ես կաշխատեմ արդարացնել քո հույսերը։ Այսօր ես իրավասու ընտրվեցի, իսկ եկող տարի այսօրվա օրը դու ինձ կտեսնես դպրոցի հոգաբարձու։ Եվ գիտես ո՛ր դպրոցի, այնտեղ, ուր այժմ տեսուչ է մեկը, որ ինձ կռիվ է հրատարակել։
Գայանեն իսկույն բնազդմամբ հասկացավ, թե նրա խոսքը ում մասին է։ Մի անորոշ, անբացատրելի երկյուղ