Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գլուխների մի խայտաբղետ խառնուրդ, որ ճիշտ նկարչի պոլիտրային էր նմանում։ Ամբակում Աֆանասևիչի կարմրակաշի գլուխը փայլում էր ինչպես մի վիթխարի գնդասեղ ահագին տիկի մեջ խրած։ Նա կանգնած էր դահլիճի մի հայտնի տեղում, ոտները միմյանցից մի արշին հեռու դրած, ձեռները գրպանում, փորը դուրս գցած։ Հանգիստ ժպտալով, նա նայում էր սկսվող պատերազմին, ինչպես մի զորապետ, որ կանխապես համոզված է յուր զորքի հաղթությանը։ Նրա աջ ու ձախ կողմերում կանգնած էին Վեքիլյանը և Բարաթյանը։ Վերջինը մերթ ընդ մերթ նայում էր դեպի վեր և ժպտում Գայանեին։ Նորատի տիկինը սաստիկ հետաքրքրված էր քվեարկության հետևանքով։ Եթե յուր Իսակին սևացնեին, о՜о, նա անչափ պետք է վշտանար։

Վերջացավ թերթիկների ընթերցումը։ Առաջին ընտրելին Ամբակում Աֆանասևիչն էր։ Վեքիլյանը յոթներորդն էր, իսկ Բարաթյանը քսանիններորդը։ Ուրեմն հույս կար ընտրվելու։

Ամբակումին ծափահարեցին. նա ընտրված էր։ Անցավ և Վեքիլյանը։

«Իսակ Գերասիմիչ Բարաթով», լսվեց հանկարծ նախագահի ձայնը։

Գայանեի ականջները կարմրեցին. նա դարձավ մարմնացած լսողություն։ Նա հետևում էր նախագահի ձեռին, որ մեկ-մեկ բաց էր թողնում քվեները փայտյա գավաթի մեջ։ Նա ականջ էր դնում քվեներ պարունակող արկղիկի ձայնին, արդյոք շա՞տ է մնում այնտեղ, արդյոք կընտրվի յուր պաշտելին, յուր անզուգական Իսակը, որ ահա այնտեղ կանգնած խոսում է, ծիծաղում, զվարճանում յուր ներքին անհանգստությունը քողարկելու համար։

Եվ նա հռչակվեց ընտրված։

Ծափահարությունների աղմկից շփոթված, նա բարձրացավ վեր, մոտեցավ Գայանեին։ Նրանք երկուսն էլ երջանիկ էին, երկուսի էլ սիրտը բաբախում էր։ Գայանեն տակավին դողում էր, բայց այժմ՝ ուրախությունից։ Նրա ընտրածը հասարակության ընտրածը դարձավ։ Վաղը մյուս օրը նա կփայլի յուր խելքով, յուր ուսումով, յուր հռետորական տաղանդով: