տագնապալի օրերն էին, անցան, հիվանդը նորից առողջանալու հույսեր տվեց:
Այդ միջոցին դպրոցի գործերը խառնակ դրության հասան։ Հակառակորդները ուրախ էին այդ անկարգությանը։ Ինյաթյանը մինչև անգամ ցանկանում էր, որ Դիմաքսյանն այլևս անկողնուց չվեր կենա, թեև արտաքուստ ցավակցություն էր հայտնում։ Բայց նրա հույսերը չիրագործվեցին։ Դիմաքսյանն ամիս ու կես պառկելուց հետո, վեր կացավ և փոքր առ փոքր սկսեց պարապել գործերով։ Առաջին շաբաթ հակառակորդները խնայեցին նրան, չէին վրդովեցնում։ Բայց անցավ այդ շաբաթը, և կրկին պատերազմը սկսվեց։ Ամեն օր նա անախորժ ընդհարումներ էր ունենում, վրդովվում և հուզվում էր, նորից երես առ երես մարդկանց անարդարությանը հանդիպելով։
Այդ բոլորը, հարկավ, ազդում էին նրա առողջության վրա, որ բավական քայքայվել էր։ Նա նիհարել էր, գունատվել, այտերը դուրս էին ցցվել, աչքերի շրջանակները և ականջները կիտրոնի պես դեղնել էին։ Չնայելով յուր հուզվելուն, որ այժմ մարմնավոր տկարությունից էր առաջանում, հոգեպես չէին կրկնվում այն բարոյական սարսափելի տագնապները և ջղաձգությունները, որ այնքան տանջում էին նրան։
Սակայն նա չկարողացավ շատ էլ սառնարյուն լսել Բարաթյանի և Վեքիլյանի իրավասու ընտրվելու լուրը։ Նա, որ ծարավ էր ամեն տեղ հասարակական կռիվների հանուն յուր համոզմունքների, նա՛, որ երբեք չէր բավականանում խաղաղ գործունեությունով, այժմ սկսեց նախանձել Բարաթյանի և Վեքիլյանի դիրքերին։ Եթե այդ մարդիկ ստացած լինեին փողով վարձատրվող ավելի բարձր պաշտոններ, գուցե նրանց ծաղրեր, ենթարկեր յուր կծու հեգնությանը։ Բայց տեսնել նրանց հասարակական այնպիսի պաշտոններում, ուր պետք է գործեին գործելու համար, անվարձ, պետք է ծառայեին հասարակությանն իրենց խելքի և գիտության պաշարով — այդ նրա համար անախորժ էր։ Այս հանգամանքը նա մի տխուր ապացույց էր համարում այն բանի, թե հասարակությունը հող է պատրաստել այնպիսի գործիչների համար, որոնք այժմ նրա գաղափարական հակառակորդներն էին։